ՀՀԿ-ի սաբոտաժը հասարակության համար դրության կորուստ չէ. Հակոբ Բադալյան

Այն, որ նոր օրենսգիրքը ՀՀԿ սաբոտաժի պատճառով չընդունվեց, մեծ հաշվով հասարակության համար դրության կորուստ չէ, «Ազատության» հետ զրույցում ասաց քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։

Ըստ Բադալյանի, Ազգային ժողովի կողմից Ընտրական օրենսգրքի բարեփոխումների փաթեթի ընդունման տապալումը սկզբունքային փոփոխություն արտաքաղաքական իրավիճակում և օրակարգում չի մտցնում։

«Իմ գնահատմամբ, ավելի շուտ տեխնիկական խնդիր է՝ համեմատության մեջ, և պետք է պատրաստվել խորհրդարանի արտահերթ ընտրությանը թեկուզ հին օրենսգրքով, որովհետև առանցքային հարցն անշուշտ այն է, թե գործադիր իշխանությունն և իրավապահ մարմինները որքանով կվերահսկեն օրենսդրության ապահովումը և որքանով կերաշխավորեն օրինականությունը օրենսդրության և կկանխեն թեկուզ ցանկացած ընտրախախտման փորձ, որի հնարավորությունը կարող է տալ հայտնի ռեյտինգային ընտրակարգը, որը հենց այդ օրենսդրական փոփոխությունների առանցքում էր, որի չեզոքացնելու խնդիրն էր դրված օրենսգրքի փոփոխությամբ», - ասաց Բադալյանը։

Քաղաքական մեկնաբանի համոզմամբ, գնդակը շարունակում է մնալ իշխանության և այդ իշխանությանն իր վստահությունը տված հասարակության դաշտում։

«Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչքանով օպտիմալ և արդյունավետ կխաղարկվի այդ գնդակը՝ թեկուզ հին օրենսգրքով», - ասաց Բադալյանն՝ ընդգծելով, որ հասարակությունը շատ հստակ ցույց է տվել իր քվեարկությամբ, թե ինչքանով է շանս տալիս նախկին համակարգի ուժերին և ինչքանով չի տալիս։

«Օրենսդրությունն այս առումով գործիք է հասարակության ձեռքին, բայց կարծում եմ, որ հիմա հասարակությունն ունի ամենակարևորը՝ գործադիր իշխանությունը և վերահսկողությունն՝ օրենքների կատարման առումով, և այս տեսանկյունից, կարծում եմ, այն, որ նոր օրենսգիրքը ՀՀԿ սաբոտաժի պատճառով իրականություն չդարձավ, չընդունվեց, մեծ հաշվով հասարակության համար դրության կորուստ չէ», - ասաց Բադալյանը։

ԱԺ-ն երեկ տապալեց Ընտրական օրենսգրքի բարեփոխումների փաթեթի ընդունումը: Կառավարության ներկայացրած նախագծին կողմ քվեարկեց 56 պատգամավոր, մինչդեռ սահմանադրական օրենքի ընդունման համար անհրաժեշտ էր առնվազն 63 ձայն։

Փոփոխությունների նախագծով կառավարությունը, ինչպես խոստացել էր իր ծրագրում, ցանկանում էր արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ մի շարք փոփոխությունների հետ մեկտեղ վերացնել նաև ռեյտինգային ընտրակարգը։

Քվերակությունից հետո վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը տեղի ունեցածը «սաբոտաժ» որակեց:

«Այս քվեարկությամբ Ազգային ժողովը ևս մեկ անգամ ի ցույց դրեց, որ խորհրդարանական արտահերթ ընտրությունները անխուսափելի են և առանց խորհրդարանական արտահերթ ընտրությունների մենք, ուղղակի, չենք կարողանա որևէ քայլ անել», - ասաց Փաշինյանը։