Ազգային ժողովը տապալեց ընտրական օրենսգրքի բարեփոխումների փաթեթի ընդունումը

ԱԺ այսօր տապալեց ընտրական օրենսգրքի բարեփոխումների փաթեթի ընդունումը: Կառավրության ներկայացրած նախագծին կողմ քվեարկեց 56 պատգամավոր, մինչդեռ սահմանադրական օրենքի ընդունման համար անհրաժեշտ է առնվազն 63 ձայն։

Փոփոխությունների նախագծով կառավարությունը, ինչպես խոստացել էր իր ծրագրում, ցանկանում էր արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ մի շարք փոփոխությունների հետ մեկտեղ վերացնել նաև ռեյտինգային ընտրակարգը։

Քվերակությունից հետո վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը տեղի ունեցածը «սաբոտաժ» որակեց:

«Այս քվեարկությամբ Ազգային ժողովը ևս մեկ անգամ ի ցույց դրեց, որ խորհրդարանական արտահերթ ընտրությունները անխուսափելի են և առանց խորհրդարանական արտահերթ ընտրությունների մենք, ուղղակի, չենք կարողանա որևէ քայլ անել», - ասաց Նիկոլ Փաշինյանը։

Տեսականորեն Կառավարությունը դեռ հնարավորություն ունի Ընտրական օրենսգիրքը փոփոխել մինչև ընտրությունները, դրա համար անհրաժեշտ է կրկին ԱԺ արտահերթ նիստ հրավիրել ու նախագիծը դնել քվեարկության։ Նիկոլ Փաշինյանն իր հայտարարության մեջ այսօր չանդրադարձավ այս սցենարին։

«Կոչ եմ անում պատրաստվել հեղափոխությունը վերջնական հանգրվանին հասցնելու համար։ Ինչ Ընտրական օրենսգրքով էլ անցնեն արտահերթ խորհրդարանական ընտրությունները ժողովրդի հաղթանակը անխուսափելի է և ռևանշ չի լինելու, վերադարձ անցյալին չի լինելու, վերադարձ կոռուպցիոն համակարգին չի լինելու», - նշեց վարչապետի պաշտոնակատարը։

Ընտրական օրենսգրքի փոփոխությունները ըստ էության տապալվեցին հանրապետականների կողմից, որոնք թեև այլևս մեծամասնություն չեն կազմում, բայց կարող էին մասնակցել ու կողմ քվեարկել։

Թեև խմբակցության պատգամավորների մի մասը ԱԺ շենքում էր, քվեարկությանը մասնակցեցին միայն ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, Արմեն Աշոտյանը և Խոսրով Հարությունյանը։

Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի խոսքով դեմ են ընտրություններից մեկ ամիս առաջ ընտրակարգի փոփոխությանը և հենց այդ պատճառով էլ կողմ չեն քվեարկել։

«Ժողովրդավարություն կառուցել երկրում հակաժողովրդավարական կանոններով պարզապես աբսուրդ է», - հայտարարեց Արմեն Աշոտյանը։

«Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը , որը հուշագիր էր ստորագրել Նիկոլ Փաշինյանի հետ, այսօր նույնպես ներկա չէր քվեարկությանը։ Նրա խմբակցությունից բացակայում էին ևս 3 պատգամավորներ։ «Ծառուկյան» խմբակցությունից Նաիրա Զոհրաբյանի խոսքով, Գագիկ Ծառուկյանը Երևանում չէր, բայց կարողացել էր քվերակությունից առաջ հասնել խորհրդարան: Քվեարկությանը չի հացրել մասնակցել, թեև նրա քվեն էլ որոշիչ չէր լինելու։ Զոհրաբյանը համակարծիք է Նիկոլ Փաշինյանի հետ՝ հանրապետականներն, ըստ նրա, վերջին վատությունն են անում ժողովրդին։

«Գնահատում եմ, որպես հերթական սաբոտաժ Հանրապետական կուսակցության կողմից։ Կրկնում եմ՝ ես կարող եմ հասկանալ քաղաքական բոյկոտ, եթե դրա տակ կա որևէ քաղաքական լոգիկա, տրամաբանություն և մոտիվացիա։ Իրենք ասում են, որ նոր Ընտրական օրենսգիրքը, էականորեն, տարբերվում է, որակական առումով բարելավում է նախորդի համեմատ իրենք էլ կազմակերպում են քաղաքական սաբորաժը։ Սա, գիտեք, իմ տպավորությամբ ընդամենը մանր քաղաքական քինախնդրություն է», - հավելեց Նաիրա Զոհրաբյանը։

Պատգամավորի կարծիքով, կառավարությունը պետք է ևս մեկ անգամ արտահերթ նիստ հրավիրի ու ներկայացնի նախագիծը ԱԺ-ին։

«Կառավարությունը իրավունք ունի բերելու նույն օրակարգով, Ընտրական օրենսգրքով ևս մեկ արտահերթ, և ես հույս ունեմ, որ կառավարությունը անպայմանորեն կօգտվի իր այդ հնարավորությունից», - նշեց նա։

«Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը քաղաքական վատություն է որակում հանրապետականների այս քայլը։ Ըստ նրա, անգամ գործող ռեյտինգային ընտրակարգով հանրապետականները գրեթե զրոյական շանս ունեն հայտնվելու ապագա խորհրդարանում։ Նիկոլ Փաշինյանի թիմակիցն առայժմ չգիտի, արդյո՞ք կառավարությունը նորից նախագիծը կբերի խորհրդարան։

«Չեմ բացառում։ Չգիտեմ դա քննարկելիք հարց ա։ Հիմա մենք տարբերակներն ենք քննարկում, որը որ կարող ա իրականության մեջ լինի, կարող ա և չլինի», - ասաց Ալեն Սիմոնյանը։

Ի դեպ այսօրվա քվեարկությանը չմասնակցեցին նաև նախկին հանրապետական պատգամավորների մի մասը, որոնք ավելի վաղ Նիկոլ Փաշինյանին սատարելու մասին հայտարարություն էին ստորագրել։