Այն բանից հետո, երբ Ազգային ժողովը տապալեց կառավարության ներկայացրած Ընտրական օրենսգրքի բարեփոխումների փաթեթի ընդունում, վարչապետի պաշտոնակատար ՆիկոլՓաշինյանը հանդես եկավ ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ և հայտարարեց, որ Հանրապետական կուսակցությունը և նրա կողմնակիցներն ամեն ինչ անում են «սաբոտաժի քաղաքականություն վարելու համար»։
«Վերջին 2 շաբաթվա ընթացքում կամ վերջին 20 օրվա ընթացքում այդ մի քանի անգամ արդեն ակնհայտ երևաց», - ընդգծեց նա։ - «Ըստ էության, եթե արտահերթ ընտրությունները տեղի ունենան գործող օրենսգրքով, միևնույնն է, ոչ ոք չի կարող խլել ժողովրդի հաղթանակը», - հավելեց Փաշինյանը:
Վարչապետի պաշտոնակատարը հայտարարեց, որ այս քայլով Ազգային ժողովը ևս մեկ անգամ ի ցույց դրեց, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունը անխուսափելի են. - «Առանց խորհրդարանական արտահերթ ընտրությունների մենք, ուղղակի, չենք կարողանա որևէ քայլ անել, որովհետև այսօրվա քվեարկությունը ցույց է տալիս իրերի իրական դրությունը»։
Փաշինյանը քաղաքացիներին կոչ արեց պատրաստվել արտահերթ խորհրդարանական ընտրությունների և հեղափոխությունը հասցնել վերջնական հանգրվանի։ - «Ինչ Ընտրական օրենսգրքով էլ անցնեն խորհրդարանական ընտրությունները ժողովրդի հաղթանակը անխուսափելի է և ռևանշ չի լինելու», - հավելեց նա։
Թեև Կառավարության ներկայցրած նախագծին կողմ քվեարկեց գրանցված 69 պատգամավորներից 56-ը, դեմ՝ 3-ը, փաթեթի ընդունումը ձախողվեց, քանի որ սահմանադրական օրենքի ընդունման համար անհրաժեշտ է առնվազն 63 ձայն: