Գյումրիում գտնված երկվորյակների 18-ամյա մայրը հրաժարվել է երեխաներից

Գյումրիի գիշերօթիկի բակում օրերս հայտնաբերված երկվորյակների մայրը՝ 18-ամյա Մ․ Մ․-ն հրաժարվել է երեխաներից:

«Վահե ու Վահան եղբայրները Գյումրիի «Երեխաների տանն» են և այնտեղ կմնան, մինչև պարզ կդառնա նրանց ճակատագիրը», - ասաց Գյումրի այցելած Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը:

Նա նշեց, որ իրենք գտնում են, որ երեխաները պետք է մեծանան ընտանիքում, կենսաբանական ծնողների կողքին՝ հավելելով, որ պատրաստվում է հանդիպել երեխաների մոր հետ․ - «Բոլորի միակարծիք մոտեցումն է, որ, հաշվի առնելով հանգամանքները, մենք հնարավորություն ենք տալու երեխայի լավագույն շահը և իրավունքները իրացնելու, որն է՝ երեխան պետք է մեծանա ընտանիքում, ծնողների հսկողության ներքո»:

Շիրակի մարզպետարանի Ընտանիքի, կանանց ու երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Լիլիթ Գորգինյանը արդեն հանդիպել է երկվորյակների մոր հետ և փորձել է համոզել, որ հետ կանգնի նրանցից հրաժարվելու որոշումից, սակայն դա նրան չի հաջողվել․ - «Շատերն են համոզել, որ չունենար երեխաներին: Ինքը համարում էր, որ մեծ ձեռքբերում է, որ կարողացել է պայքարել և երեխաներին կյանք տալ: Բնականաբար, մենք նույնպես համարում ենք, որ դա ճիշտ քայլ է: Երկրորդը, չէր ցանկանում, որ երեխաները ապրեն իր կյանքով: Այսինքն՝ թերևս հասարակության կողմից լինեն մերժված, հասարակության կողմից լինեն անընդհատ քննադատության առարկա, ինչպիսին, ասենք, ինքն է եղել իր ամբողջ մանկության տարիներին: Եվ ցանկանում էր լավագույն պայմաններ, լավ ծնողներ իր երեխաներին»:

Մանե Թանդիլյանը գտնում է, որ սոցիալական պայմանները չպետք է պատճառ հանդիսանան, որ երեխաները հայտնվեն մանկատանը․ - «Մեր տեսնում ենք կերպարը, որ ունենք: Սոցիալական պայմանն է և ճակատագրի կրկնությունը․․․ Միգուցե պետության և կառավարության գործառույթնե՞ր կա, որը չի արվել, ու հետևաբար մարդիկ գնում են քայլերի, որոնց որ այլ պարագայում չէին գնա: Հետևաբար մեղավորությունը այստեղ կիսում ենք բոլորս: Եվ շատ ճիշտ եք, որ չպետք է լինի իրավիճակ, որ սոցիալական պայմաններից ելնելով, մեր քաղաքացիները, ծնողները նման որոշումներ ընդունեն: Նախարարության ու կառավարության որդեգրած ճանապարհը հենց դա է, որ սոցիալական իրավիճակը և կացությունը քաղաքացու պետք է այնպիսին լինի, նաև մեր պաշտպանության միջոցով այնպիսին լինի, որ դա չհանդիսանա որևէ դեպքում պատճառ հրաժարվելու երեխաներից»:

Նախարարին ևս բազմաթիվ դիմողներ են եղել որդեգրման համար, շատերը նաև պատրաստակամություն են հայտնել օգնել երիտասարդ մորը, որպեսզի մնա երեխաների կողքին ու մեծացնի նրանց: Խոստացել են դրամական աջակցությունից մինչև անգամ բնակարան: Հիմա այդ ամենը նաև համակարգելու կարիք կա:

«Ազատության» հարցին, թե արդյոք 18-ամյա մայրը չի զղջում իր արարքի համար, Լիլիթ Գորգինյանն արձագանքեց․ - «Չէի ասի, որ զղջում կար: Ասեց, որ հետևել է, տեսել է, որ ինչ-որ մեկը մոտեցավ երեխաներին, նոր ինքը գնացել է: Նաև նշեց, որ էդ օրը ամբողջ գիշերը ինքը լացել է․․․ Դա էլ եմ համարում բնական»:

Պատմել է նաև, թե ինչպես է կարողացել ծննդաբերությունից հետո խնամել երեխաներին․ - «Ինքը փաստեց, որ օր է եղել, որ իր հացի գումարը ինքը տրամադրել է երեխաներին տակդիր գնելուն»:

Իսկ Գյումրի է բերել՝ մտածելով, որ իրեն չեն գտնի:

Ի դեպ, փաստով քրեական գործ է հարուցված: Մանե Թանդիլյանն ասաց, որ կհանդիպի իրավապահների հետ՝ այս հարցում ևս լավագույն լուծում գտնելու համար: