Ազգային ժողովի արտահերթ նիստում Ընտրական օրենսգրքի բարեփոխումների փաթեթի ընդունումը տապալվեց:
Թեև Կառավարության ներկայցրած նախագծին կողմ քվեարկեց գրանցված 69 պատգամավորներից 56-ը, դեմ՝ 3-ը, փաթեթի ընդունումը ձախողվեց, քանի որ օրենքի ընդունման համար անհրաժեշտ էր առնվազն 63 ձայն:
ՀՀ կառավարությունը հոկտեմբերի 16-ի նիստում հավանություն էր տվել Ընտրական օրենսգրքի բարեփոխումների փաթեթին: Այնուհետև ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը, ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը փաթեթի վերաբերյալ քննարկումները շարունակել են ԱԺ խմբակցությունների հետ, լսել նրանց առաջարկները: ԱԺ պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովը հոկտեմբերի 19-ին հավանություն էր տվել Ընտրական օրենսգրքում և հարակից նախագծերի փաթեթում փոփոխությունների նախագծին: Դրանից հետո Վենետիկի հանձնաժողովը ևս հայտարարություն էր ընդունել ՀՀ ընտրական օրենսգրքի նախագծերի վերաբերյալ: Դրանում մասնավորապես նշվել էր, որ առաջարկվող փոփոխությունները լեգիտիմ նպատակներ են հետապնդում և հիմնականում դրական են:
Ընտրական օրենսգրքի առաջարկվող բարեփոխումներով ռեյտինգային ընտրակարգից անցում պետք է կատարվեր համամասնական ընտրակարգի, խորհրդարանի անցողիկ շեմը նվազեցվելու էր մեկ տոկոսով, կրճատվելու էր ընտրական գրավը: