Աներկբա է, որ բոլոր տեղերում ընտրությունների պաշտոնական արդյունքները արտահայտում են մարդկանց ընտրությունը․ Փաշինյան

Կապանում իր կուսակցության քաղաքապետի թեկնածուի պարտությունը Նիկոլ Փաշինյանը չի կապում նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանին Սյունիքի մարզպետ նշանակելու աղմկահարույց որոշման հետ։

«Մենք, բնականաբար, հարցումներով գիտեինք իրավիճակը։ Ընդհակառակը, քարոզարշավի երկրորդ մասում մեր թեկնածուի վարկանիշը շատ լուրջ աճ արձանագրեց, բայց ցավոք չհասցրեցինք մինչև վերջ հասցնել», - ասաց վարչապետի պաշտոնակատարը։

Երեկ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Նարեկ Բաբայանը շուրջ 2000 ձայնի տարբերությամբ պարտվեց անկուսակցական Գևորգ Փարսյանին։

«Նախ, ես ուզում եմ բոլորիս շնորհավորել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների կապակցությամբ։ Իհարկե, շատ ցավում եմ, որ Նարեկ Բաբայանը ընտրություններում, մենք ընտրություններում պարտություն ենք կրել, բայց մյուս կողմից ուրախ եմ, որ մենք ևս մեկ քայլ կատարեցինք արձանագրելու մեր հավատարմությունը թավշյա հեղափոխության արժեքներին», - հավելեց Նիկոլ Փաշինյանը։

Դիտարկմանը, թե նախորդ իշխանությունները Սյունիքում միշտ բարձր պաշտոններ են ստացել, վարչապետի պաշտոնակատարն արձագանքեց՝ ուրեմն ակնհայտ է հեղափոխության հաղթանակը։

Արմավիրի Դալարիկ համայնքում ևս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուն պարտվել է։ Գյուղապետ է ընտրվել անկուսակցական թեկնածուն։

«Մյուսները հաղթել են, բայց էականը դա չէ, էականն այն է, որ մենք մեր պարտավորությունը կատարել ենք և ինչպես նախկինում ասել եմ՝ հիմա էլ ասում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում ընտրությունների արդյունքները չեն կեղծվելու։ Աներկբա է, որ բոլոր տեղերում ընտրությունների պաշտոնական արդյունքները արտահայտում են մարդկանց ընտրությունը։ Եթե կան և կարող են լինել, որ ընտրությունը միշտ չի, որ նշանակում է ազատ կամարտահայտություն, դա մի խնդիր է, որի վրա մենք պետք է, իհարկե, աշխատենք։ Տեսականորեն և գործնականում չենք բացառում էդպիսի դետալներ, բայց նույնիսկ էս պարագայում, բնականաբար, քվեարկության արդյունքները պետք է 100 տոկոս ճշգրտորեն արձանագրվեն և որևէ այլ տարբերակ չի կարող լինել», - ընդգծեց Փաշինյանը։