Ջուլիանի․ «Ես ճանաչում եմ Հայոց ցեղասպանությունը, այն պատմական փաստ է»

Միացյալ Նահանգների նախագահի խորհրդական, Նյու Յորքի նախկին քաղաքապետ Ռուդոլֆ Ջուլիանիի խոսքով, Հայոց ցեղասապնությունը պատմական փաստ է և ինքը ճանաչում է այն:

Այսօր Ջուլիանին Ծիծեռնակաբերդում էր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Հարցին, թե արդյոք Դոնալդ Թրամփի վարչակազմը պետք է ճանաչի Հայոց ցեղասապնության փաստը, Ջուլիանին պատասխանեց․ - «Ես ճանաչում եմ Հայոց ցեղասպանությունը, և այն պատմական փաստ է: Սակայն ես ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փաստաբանն եմ, և այստեղ եմ որպես մասնավոր անձ: Ուստի, ԱՄՆ վարչակազմը պետք է որոշում կայացնի այդ հարցի առնչությամբ»:

Ռուդոլֆ Ջուլիանին համարվում է Միացյալ Նահանգների Հանրապետական կուսակցության ազդեցիկ ներկայացուցիչներից մեկը, ութ տարի՝ մինչև 2001 թվականի վերջը, հանդիսացել է Նյու Յորքի քաղաքապետ: 2017 թվականի հունվարին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից նշանակվել է կիբեռանվտանգության գծով ոչ պաշտոնական խորհրդական: Ջուլիանին նաև ԱՄՆ նախագահի փաստաբանն է:

Ակնկալվում է, որ այս շաբաթ Երևան կայցելի ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Ջոն Բոլթոնը, անցած շաբաթ Հայաստանում էր ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Ջորջ Քենթը: Է՛լ ավելի վաղ՝ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը հայտարարեց, որ այս տարի Վաշինգտոնը 14 միլիոն դոլարով ավելացրել է Երևանին հատկացվող օգնությունը, իսկ գալիք ֆինանսական տարվա համար Թրամփի վարչակազմը մտադիր է 20 միլիոն դոլարով ավելացնել Հայաստանին հատկացվող օժանդակությունը:

Ի պատասխան Հայաստան - ԱՄՆ հարաբերությունների հեռանկարի մասին հարցին, Ռուդոլֆ Ջուլիանին պատասխանեց․ - «Հայաստան - Միացյալ Նահանգներ հարաբերությունների հեռանկարի գործը երկու երկրների կառավարություններին է: Այստեղ եմ որպես մասնավոր անձ՝ տեղեկանալու որոշ փաստերի մասին: Առաջին անգամ եմ Հայաստանում: Քաջատեղյակ եմ Ամերիկայի հայկական համայնքից, սակայն առաջին անգամ եմ Հայաստանում»: