Հոկտեմբերի 19-21-ը կայացել է ՀՅ Դաշնակցության Հայաստանի 22-րդ արտահերթ Գերագույն ժողովը, որը ի շարս քաղաքական, կազմակերպական և այլ օրակարգերի, անդրադարձել է առաջիկա համապետական արտահերթ ընտրությունների հարցին։ ՀՅԴ հաղորդագրության համաձայն՝ «համակողմանի քննարկումների արդյունքում ժողովն որոշել է մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին»։
Դաշնակցության Հայաստանի 22-րդ արտահերթ Գերագույն ժողովը միաձայն ընդունել է տվյալ հարցով առանձին հայտարարություն, որում արձանագրելով ընտրություններին մասնակցելու որոշումը, միաժամանակ անընդունելի է համարում «ընթացիկ դեկտեմբերին՝ առանց օրենսդրական լիարժեք փոփոխությունների, շտապողական արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը»:
Դաշնակցության Գերագույն ժողովը նաև մտահոգություն է հայտնում «կառավարության գործունեության ծրագրում ամրագրված ազատ, արդար, թափանցիկ և մրցակցային ընտրությունների անցկացման համար անհրաժեշտ երաշխիքների ոչ լիարժեք ապահովման կապակցությամբ, փաստում է, որ անցյալի ոչ ցանկալի իրողությունների և երևույթների մերժումն ինքնին չի ենթադրում երաշխավորված ապագա», ասված է հայտարարությունում:
Դաշնակցությունը կարևորում է «քաղաքական ուժերի միջև գաղափարական, ծրագրային հենքի վրա փոխադարձ հարգանքի հանդուրժողականության մթնոլոտում քաղաքական պայքարը»:
«Դաշնակցությունը, որպես ընդդիմություն, անկախ ընտրությունների արդյունքներից, մշտապես հանդես է գալու իր սկզբունքային դիրքորոշումներով, հետևողական և վճռական քայլերով», - ասված է հայտարարությունում: