Գևորգ Կոստանյան․ Եվրադատարանում ես պաշտպանել եմ պետության շահերը

«Ազատության» «Կիրակնօրյա վերլուծականի» հյուրն է Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության անկուսակցական պատգամավոր Գևորգ Կոստանյանը, ով 14 տարի եղել է Հայաստանի ներկայացուցիչը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում:

Ներկայացնում ենք մի հատված հարցազրույցից․

«Ազատություն»․ - Ժամանակին պաշտպանում էիք Հայաստանը Եվրադատարանում:

Գևորգ Կոստանյան․ - 14 տարի:

«Ազատություն»․ - Այո: Եվ հիմա այնտեղ շատերը Ձեզ քննադատում են, որ Դուք, ըստ էության, «Մարտի 1»-ի զոհերի հարազատների, իրավահաջորդների գործում այնքան էլ դրական դեր չեք ունեցել:

Կոստանյան․ - Դա, էդ որ ասում է՝ կառավարության ներկայացուցիչ Եվրոպական դատարանում, խոսքը վերաբերում է նրան, որ դու պետության փաստաբանն ես Եվրոպական դատարանում: Այսինքն, եթե հիմա ինչ-որ մեկը ինչ-որ մի հանցագործի կամ ինչ-որ մի անձի ներկայացնում է դատարանում, ինքը պաշտպանում է նրա շահերը: Ես պաշտպանել եմ պետության շահերը, անկախ նրանից՝ պետությունը որ իշխանության կամ որ կուսակցության իշխանությամբ է այդ պահին գտնվում: Այսինքն՝ պետությունը իմ պաշտպանյալն է, էսպես ասեմ:

Դա նույնն է, ոնց որ մենք Ամալ Քլունիին ժամանակին և հայտնի փաստաբան Ռոբերթսոնին վարձեցինք, որպեսզի պետության շահը ներկայացնի Եվրոպական դատարանում, այդ ժամանակ էլ մենք այդ գործերով էլ կարող էինք էլի հայտնի փաստաբաններ վարձել, որպեսզի նրանք ներկայացնեն Եվրոպական դատարանում:

Այսինքն, շարժառիթը չէ՝ գործունեության բնույթն է այդպիսին, ուղղակի մեր հանրության մոտ պատկերացում կա, որ դու գնում ես ընդդեմ քաղաքացու անես:

«Ազատություն»․ - Քանի որ Դուք պետության փաստաբանն եք, պետք է պաշտպանեք պետության շահերը: Բայց Ձեր մեջ ինչ-որ բան եղե՞լ է, ասենք՝ ներքին ըմբոստություն, խղճի խայթ, այդպիսի բաներ ունեցե՞լ եք:

Կոստանյան․ - Փաստաբանի գործը հետևյալն է: Հիպոթետիկ, ես հիմա Ձեր շահերն եմ պաշտպանում, Դուք ասում եք՝ ասա, որ սա էսպես է, թեև ես համաձայն չեմ, բայց ես պարտավոր եմ դա անել՝ սա է փաստաբանի գործունեությունը:

Հիմա, խղճի խայթի խնդիր, գիտե՞ք, պրոֆեսիոնալ գործունեության մեջ էմոցիոնալ հարթության մեջ ղեկավարվելը մի քիչ դժվար է, և դու չես կարող, պրոֆեսիոնալ էթիկայից ելնելով, քեզ նման շռայլություն թույլ տալ:

Գևորգ Կոստանյանի հետ հարցազրույցը կարող եք դիտել այստեղ․