«Սասուն Միքայելյանի որդին լինելը ոչ թե առավելություն է, այլ մեծ պատասխանատվություն»․ Սևակ Միքայելյան

Հրազդանում ընտրությունների ընթացքը խաղաղ է: Այստեղ ձայնի իրավունք ունի 44,154 քաղաքացի, գործում է 28 ընտրատեղամաս։

Քաղաքապետի թեկնածուներից՝ անկուսակցական Լևոն Ստեփանյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ, Ազգային ժողովի պատգամավոր Սասուն Միքայելյանն իր որդուն աջակցելու համար լծակներ է կիրառել, և որպես օրինակ հիշեցրեց FIP.am կայքի ձայնագրությունը, ըստ որի, Հրազդանի 5-րդ դպրոցի տնօրեն Տիգրան Բակլաչյանը պատրաստակամություն էր հայտնել Սևակ Միքայելյանի նախընտրական քարոզարշավին 100 հոգու ներկայություն ապահովել:

Ի պատասխան Ստեփանյանի այս պնդումների Սասուն Միքայելյանի որդին հայտարարեց, որ օրենքի առջև բոլորը հավասար են՝ ում որդին ուզում ես, եղիր: - «Նորմալ ընտրություն է տեղի ունենում: Օրենքը գործում ա, սա նոր երկիր ա, սա նոր Հայաստանն ա: Օրենքը հավասարա բոլորիս առաջ՝ ում տղան լինի, ով ուզումա լինի: Իմ հոր գործոնը ասեմ՝ Սասուն Միքայելյանի որդին լինելը ոչ թե առավելություն է, այլ մեծ պատասխանատվություն», - հայտարարեց նա: - «Ոչ մի լծակ: Ո՞ւր են լծակները: Եթե ինչ֊որ խախտումներ կան, ես կխնդրեի՝ գնացեք, նկարահանեք և հանրությանը ցույց տվեք»:

Հրազդանի 26/16 ընտրատեղամասում, որտեղ իր քաղաքացիական պարտքը կատարեց քաղաքապետի թեկնածուներից Սևակ Միքայելյանը, իրավապահները վերցրել էին ընտրատեղամասի գրանցամատյանը: «Ազատության» հետ զրույցում հանձնաժողովի նախագահն ու քարտուղարն ասացին, որ օգնողների հետ կապված խնդիր է եղել, մեկը մի քանի հոգու փոխարեն է քվեարկել:

Վարչապետին կից Ընտրական օրենսգրքի բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանն «Ազատության» հետ զրույցում զարմանք հայտնեց, որ մոտ 60 հոգի օգնողների աջակցությամբ են մասնակցել ընտրություններին: