Արմավիրի մարզկենտրոն Արմավիր քաղաքում այսօր քաղաքապետի արտահերթ ընտրություններ են: Թավշյա հեղափոխությունից հետո նախկին քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը հրաժարական տվեց և ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Դավիթ Խուդաթյանը, ով նույնպես այսօր պայքարում է քաղաքապետի պաշտոնի համար:
Թեկնածուները 4-ն են, նրանցից 3-ը՝ անկուսակցական:
Բոլոր թեկնածուներն էլ դրական են գնահատում ընտրապայքարը, իսկ բուն ընտրական գործընթացն առայժմ խաղաղ է:
Թեկնածուներից Դավիթ Խուդաթյանը և Սևակ Մինասյանը «Ազատությանը» փոխանցեցին, որ ահազանգ են ստացել քաղաքացիների ուղղորդումների մասին, սակայն ոստիկանությունը դեռ ճշտում է տեղեկությունները:
Սևակ Մինասյանը նաև նկատեց, որ թեև խաղաղ ընտրապայքար է, այդուհանդերձ գործող իշխանության կողմից պաշտոնների խոստումներ են տրվում ընտրողներին:
Պատասախանելով մեկնաբանություններին, թե՝ «Իմ քայլը» նախաձեռնության թեկնածուն վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի անվամբ է փորձել քարոզչություն իրականացնել և այնքան էլ ճանաչում չունի, Դավիթ Խուդաթյանը հիշեցրեց, որ նախորդ խորհրդարանական ընտրություններին ինքն անձամբ մասնակցել է և 8000 ձայն ստացել:
Ընտրություններից օրեր առաջ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Արմավիրի մարզ էր այցելել, մասնակցել էր նաև հանրահավաքին և ընտրողներին կոչ արել իրենց ձայնը տալ «Քաղաքացիական կուսակցության» անդամ, «Իմ քայլը» նախաձեռնության թեկնածու Դավիթ Խուդաթյանին: Խուդաթյանի մրցակիցները, սակայն, այս երևույթը անհավասար մրցապայքար չեն գնահատում՝ բնական համարելով, որ Նիկոլ Փաշինյանը պետք է սատարեր իր կուսակցության թեկնածուին: