Միջազգային հանրությանը չի գոհացրել Հաշոգիի սպանության գործով Էր-Ռիյադի վարկածը

Միջազգային հանրությունը դատապարտում է ընդդիմադիր լրագրող Ջամալ Հաշոգիի սպանությունը սաուդական հյուպատոսարանում և կոչ է անում մանրակրկիտ հետաքննություն անցկացնել նրա մահվան հանգամանքների շուրջ:

Ուրբաթ օրը ուշ երեկոյան Սաուդյան Արաբիայի իշխանությունները հաստատեցին թագավորության քննադատ Ջամալ Հաշոգիի սպանությունը: Ըստ թագավորության պաշտոնական վարկածի՝ հոկտեմբերի 2-ին Հաշոգին ծեծկռտուք է հրահրել Ստամբուլում երկրի հյուպատոսարանում իրեն դիմավորած անձանց հետ, ինչի արդյունքում սպանվել է: Հաղորդվել 18 ձերբակալվածի և երկու պաշտոնանկության մասին:

Գերմանիայի կառավարության հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է, որ «դատապարտում են այդ հանցագործությունը ամենավճռական ձևով» և պահանջում Էր-Ռիյադից ազնվորեն պատմել լրագրողի սպանության հանգամանքների մասին և պատասխանատվության ենթարկել մեղավորներին: Շաբաթ օրը այդ երկրի արտգործնախարարը հայտարարել է հետաքննության փուլում Սաուդյան Արաբիային սպառազինությունների մատակարարման հնարավոր չեղարկման մասին:

Եվրամիության դիվանագիտական գերատեսչության ղեկավար Ֆեդերիկա Մոգերենին ևս մանրակրկիտ հետաքննության կոչ է արել:

Պաշտոնական Փարիզը տարածած հայտարարության մեջ նշում է, որ թագավորության կոշտ ընդդիմախոսի սպանության գործում բազմաթիվ հարցեր մնում են «անպատասխան»:

Կանադայի արտգործնախարար Քրիստիա Ֆրիլենդը Էր-Ռիյադի ներկայացրած բացատրությունները որակել է «ոչ հետևողական և անբավարար»:

Ավստրալիայի վարչապետը հույս է հայտնել, որ «Սաուդյան Արաբիայի կառավարությունը լիովին կհամագործակցի թուրքական իշխանությունների հետ գործը հետաքննելու հարցում»:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողի սպանության հետ կապված Սաուդյան Արաբիայի իշխանությունների հայտարարությունը «առաջին կարևոր քայլն» է համարել ճշմարտությունը պարզելու ճանապարհին, բայց և խոստովանել է, որ պատասխանից «բավարարված չէ»:

Մեծ Բրիտանիայի արտգործնախարարությունը հայտարարում է, որ ուշադիր հետևում են հետաքննության ընթացքին:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի աշխատակազմն էլ ընդգծում է «խորը մտահոգությունը»՝ կոչ անելով հետաքննել Հաշոգիի սպանությունը: