Սահմանադրական դատարանը Վահե Գրիգորյանի շնորհիվ «կունենա նոր դեմք»

Փաստաբան Վահե Գրիգորյանը հարցազրույց է տալիս «Ազատությանը», արխիվ

Սահմանադրական դատարանը (ՍԴ) Վահե Գրիգորյանի շնորհիվ կունենա նոր դեմք, և նրա ներկայությունը Սահմանադրական դատարանում արմատապես կփոխի այդ մարմնի գործունեության քաղաքականությունը, կարծում է փաստաբան Երվանդ Վարոսյանը։

Երեկ Հայաստանի նախագահը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է փաստաբան Վահե Գրիգորյանի թեկնածությունը:

«Մենք ի վերջո կունենանք հենց Սահմանադրական դատարան, այլ ոչ թե տեղ, որտեղ պետք է տեղավորել որոշակի ծառայություններ մատուցած մարդկանց, որոշակի մարդու համար Սահմանադրություն գրած մարդկանց, թոշակառուների տարատեսակ։ Սահմանադրական դատարանը ես հույս ունեմ, որ Վահե Գրիգորյանի մուտքով կվերածվի հենց Սահմանադրական դատարանի, ինչին ինքը կոչված է օրենքով», - «Ազատության» հետ զրույցում ասաց Երվանդ Վարոսյանը։

Դեռևս մայիսին նախագահ Արմեն Սարգսյանն առաջադրել էր Լեռնային Ղարաբաղի նախագահի խորհրդական Էմիլ Բաբայանի թեկնածությունը, սակայն Ազգային ժողովում ձայների 51 կողմ, 3 դեմ հարաբերակցությամբ Բաբայանը չընտրվեց Սահմանադրական դատարանի դատավոր՝ ՍԴ անդամն ընտրվում է խորհրդարանի առնվազն երեք հինգերորդի՝ 63 պատգամավորների ձայներով։

Մայիսի վերջին 200-ից ավելի փաստաբաններ Վահե Գրիգորյանի թեկնածությունն առաջադրելու կոչով դիմել էին երկրի նախագահին։ Այդ փաստաբանների շարքում էր նաև Երվանդ Վարոսյանը, ով նշում է՝ Հայաստանում բոլոր ոլորտներում էլ փոփոխությունների կարիք կա։ Մայիսին ոչ թե ավարտվել է փոփոխությունների փուլը, այլ նոր է սկսվել: Եվ Սահմանադրական դատարանն այն կառույցներից մեկն է, որն էական փոփոխությունների կարիք ունի, իսկ Վահե Գրիգորյանը պատրաստ է այդ փոփոխություններն անել։ «Վահե Գրիգորյանի նշանակումը ոչ միայն և ոչ այնքան կապահովի աճ, այլ կապահովի, որ մենք ի վերջո ունենանք այդ ոլորտը։ Որովհետև մենք չենք ունեցել այդ ոլորտը», - ընդգծեց փաստաբանը: «Ազատության» հարցին՝ նկատի ունի, թե մինչ օրս ձևակա՞ն բնույթ է կրել, Վարոսյանը պատասխանեց․ - «Այո, մինչև հիմա էլ մենք չունենք սահմանադրական արդարադատություն, մենք ունենք ձևական կառույց, ձևական որոշումներով, որոնք շատ ժամանակ ընդունվում են այս կամ այն կոնյունկտուրայից ելնելով: Բայց այս ամեն ինչի վերջը կտրվի»։

Հայաստանի նախագահի աշխատակազմից «Ազատությանը» փոխանցեցին, որ մինչ ՍԴ դատավորի թեկնածությունն Ազգային ժողով ներկայացնելը Արմեն Սարգսյանը հանդիպումներ էր ունեցել Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի այն երկու հավակնորդների հետ, որոնց թեկնածությունն արժանացել էր հանրապետության նախագահի կարգադրությամբ ստեղծված խորհրդակցական ժամանակավոր աշխատանքային խմբի անդամների մեծամասնության հավանությանը:

Հայաստանի նախագահի այս տարվա հունիսի 11-ի կարգադրությամբ ստեղծվել էր խորհրդակցական ժամանակավոր աշխատանքային խումբ՝ Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի ընտրության գործընթացը կանոնակարգելու և այն առավել թափանցիկ դարձնելու նպատակով։ Օրենսդրությամբ նախատեսված ժամկետներում դիմում էր ստացվել Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի հինգ հավակնորդից: Աշխատանքային խմբի կողմից նրանցից յուրաքանչյուրի հետ կազմակերպվել էր անհատական զրույց, որից հետո աշխատանքային խմբի յուրաքանչյուր անդամի խորհրդատվական կարծիքը փակ ծրարով փոխանցվել էր երկրի նախագահին։

Վահե Գրիգորյանի թեկնածությունը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրելը դրական է գնահատում իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը։ «Ազատության» հետ զրույցում նա կարծիք հայտնեց, որ Գրիգորյանը լավագույն թեկնածուն է, և նրա օրոք ականատեսը կլինենք ակնհայտ փոփոխությունների: «Նա հեղինակություն ունի, ճանաչված փաստաբան է։ Գիտեք, Վահե Գրիգորյանի թեկնածությունն այնքան վառ թեկնածություն է, որ կարծում եմ՝ սա կարող է լինել առաջին քայլը: Նրան կարող են հետևել ուրիշները, համարձակվեն լինել այսպես օբյեկտիվ և արդարադատությանը ծառայող, էսպես ասեմ: Ես կարծում եմ, որ սա շատ մեծ նշանակություն կունենա այլ գործերով, այլ դատարաններում և կնպաստի արդարադատության ակնհայտ փոփոխությանը մեր երկրում», - ասաց իրավապաշտպանը:

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 141-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը կքննարկվի հոկտեմբերի 23-ին գումարվող Ազգային ժողովի հերթական նիստերում: