Էր-Ռիյադը հաստատում է՝ Ջամալ Հաշոգին սպանվել է

Արտապատկերում տեսանյութից, որում արձանագրված է Ջամալ Հաշոգիի մուտքը Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարան, 2-ը հոկտեմբերի, 2018թ․

Սաուդյան Արաբիայի իշխանությունները հաստատեցին թագավորության քննադատ Ջամալ Հաշոգիի սպանությունը: Այդ մասին, Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ, հայտարարվել է երկրի պետական հեռուստաընկերության եթերում:

Սաուդյան Արաբիայի պետական դատախազի հայտարարության մեջ ասվում է, թե Հաշոգին ծեծկռտուք է հրահրել Ստամբուլում երկրի հյուպատոսարանում իրեն դիմավորած անձանց հետ, ինչի արդյունքում սպանվել է: Թագավորության 18 քաղաքացիներ ձերբակալված են հանցագործության մեջ ներգրավված լինելու կասկածանքով: Հաղորդվում է նաև, որ Սաուդյան Արաբիայի կառավարության ղեկավար թագաժառանգ Մուհամեդ բին Սալմանի երկու խորհրդականներ պաշտոնանկ են արվել: Նրանցից մեկը հետախուզության ղեկավարի տեղակալ գեներալ-մայոր Ահմեդ ալ-Ասիրին է․ ըստ The New York Times-ի, երկրի իշխանությունները պատրաստ էին հենց նրան մեղադրանք առաջադրել լրագրողի սպանության համար:

Սաուդյան իշխանությունների կոշտ քննադատը, ով մեկ տարի առաջ ինքնակամ աքսորի է դիմել՝ հաստատվելով ԱՄՆ մայրաքաղաքում, հոկտեմբերի 2-ին այցելել է Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարան, ինչից հետո նրան ոչ ոք այլևս չի տեսել: Միջազգային, այդ թվում՝ թուրքական որոշ աղբյուրների տվյալներով, Հաշոգին սպանվել է հյուպատոսարանում, իսկ նրա դին դուրս է բերվել դիվանագիտական ներկայացուցչության տարածքից:

Թուրքական աղբյուրները նաև պնդում են, որ Հաշոգիի սպանությունը կազմակերպվել է սաուդյան իշխանությունների հովանու ներքո, հանցագործությունը կատարելու համար այդ երկրից հատուկ ծառայությունների աշխատակիցների խումբ է ժամանել, որի անդամները, մի քանի ժամ մնալով Ստամբուլում, վերադարձել են հայրենիք:

Ավելիք քան երկու շաբաթ շարունակ Էր-Ռիյադը կտրականապես հերքում էր մեղադրանքները՝ պնդելով, թե տեղեկություններ չունի լրագրողի ճակատագրի մասին, և միայն երեկ է խոստովանել սպանության փաստը:

Հաշոգիի մահը հանգեցրել է դիվանագիտական սկանդալի: Եվրամիության երկրներում և ԱՄՆ-ում քննարկում են թագավորության դեմ հնարավոր պատժամիջոցները: Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփը խոստացել է պատժել դաշնակից Էր-Ռիյադին, եթե պարզվի, որ Հաշոգիի սպանության ետևում կանգնած են սաուդյան իշխանությունները: