Միքայել Մելքումյանը գազի և էլեկտրաէներգիայի սակագների իջեցման հնարավորություն է տեսնում

Գազի և էլեկտրաէներգիայի սակագների իջեցման հնարավորություն կա, և հիմա իսկական ժամանակն է խոսելու այդ մասին, Ազգային ժողովում այսօր հրավիրված գազի և էլեկտրաէներգիայի մատակարարման և բաշխման համակարգերի գործունեությունը, գործող սակագների հիմնավորվածությունը ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում այսօր հայտարարեց «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Միքայել Մելքումյանը։

Իսկ թե որքան կարելի է նվազեցնել գները, Մելքումյանը նշեց, որ պետք է գիտականորեն հիմնավորել․ - «Չի կարելի 10-15 տարի խոսել, որ առայժմ ժամանակը չէ գազի կամ էլեկտրաէներգիայի սակագների իջեցման մասին խոսել։ Ես էլ կարծում եմ, որ հակառակը՝ հիմա իսկական ժամանակն է խոսել։ Բնականաբար սահմանի վրա մենք ստանում ենք 150 դոլարով և կրկնակի թանկ հասնում է վերջնական սպառողին։ Ես էլ կարող եմ, առաջ անցնելով պնդել, որ ռեզերվներ կան և մենք քայլ-քայլ անցնելու ենք այդ ամբողջ շղթայի երկայնքով՝ սահմանից մինչև վերջնական սպառող»։

Ազգային ժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանի խոսքով՝ տարիներ շարունակ գազի համակարգում կորուստների չափը չի փոխվել, և հարց է առաջանում, թե արդյոք դրանք վերացնելու ներդրումներ չեն արվում։

Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը նկատեց՝ խնդիրը էլեմենտար գողության մեջ է։ Առաջարկեց շեշտը հենց դրա վրա դնել․ - «Մարդիկ գնումների ժամանակ գնում են որևէ առարկա, որի իրական շուկայական արժեքը 100 դրամ է, ձևակերպում են 150 դրամով։ Այսինքն, մարդիկ լկտիաբար մտնում են քաղաքացու տուն և գողանում են այդտեղից փող»։

Հայ հեղափոխական դաշնակցության պատգամավոր Ռոմիկ Մանուկյանը ևս նշեց, որ ճիշտ ժամանակն է քննարկել սակագնի նվազեցումը, քանի որ ժողովուրդը սպասում է փոփոխությունների։ Պատգամավորի համոզմամբ՝ շեշտը պետք է դրվի գազի խտության, կալորիականության և կորուստների վրա․ - «Վերջնական սպառողը ինքն է փակում այդ կորուստների գումարը։ Իսկ այն հիմնական մասը գնում է ստվերային վաճառքների՝ գազալցակայաններով և այլ ճանապարհներով»։

Ռոմիկ Մանուկյանն առաջարկեց հիմնական սակագների իջեցման քաղաքականություն մշակել, այլ ոչ թե առաջնորդվել այսօրվա ունևորների և չունևորների սկզբունքով․ - «Հստակ պետք է լինի քաղաքականություն։ Եթե բնակիչը էսօր ունի հնարավորություն՝ կօգտագործի 1000-ից ավել, ուրեմն պետք է նոր սակագնով վճարի։Չլինի քաղաքականություն ունևորի և չունևորի, այլ հստակ սպառողական քաղաքականություն»։

Հայաստանի սահմանին ռուսաստանյան գազի հազար խորանարդ մետրի գինը 150 դոլար է, մինչդեռ սպառողին այն հասնում է գրեթե կրկնակի թանկ՝ 290 դոլարով։