Ջորջ Քենթ․ Հայաստանյան հասարակությունը համախմբված մանդատ է տվել Փաշինյանին՝ փոփոխություններ իրականացնելու համար

«Միացյալ Նահանգները ցանկանում է ամրապնդել ռազմավարական հարաբերությունները Հայաստանի, Ադրբեջանի ու Վրաստանի հետ», -երեկ Վաշինգտոնում գումարված Ատլանտյան խորհրդի նիստում հայտարարել է պետքարտուղարի Եվրոպական և եվրասիական հարցերով օգնական Վես Միտչելը՝ ընդգծելով, որ նախագահ Թրամփի անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հենց այդ նպատակով է հաջորդ շաբաթ ժամանելու տարածաշրջան:

Ընդ որում, խոսելով Հայաստանի մասին, պետքարտուղարության բարձրաստիճան դիվանագետը հարկ է համարել հատուկ ընդգծել վերջերս տեղի ունեցած քաղաքական զարգացումները․ - «Մենք փորձում ենք այդ տարածաշրջանում ամրապնդել մեր հարաբերությունները, խորացնել կապերը Ադրբեջանի հետ, Հայաստանի հետ՝ հատկապես օբկետիվ գնահատելով վերջին քաղաքական իրադարձությունները, որտեղ մենք տեսանք կայունությունը պահպանելու իրական հանձնառություն: Վրաստանում հաջորդ տարի ուժի մեջ կմտնի նոր սահմանադրությունը, և դրա կիրառկումը մեզ շատ բան կասի իշխանության լծակները տարանջատելու և բարեփոխումները շարունակելու՝ Թբիլիսիի պատրաստակամության մասին: Ընդհանուր առմամբ, այս երեք երկրներն էլ զգայուն են և մեծ ճնշումների են ենթարկվում Ռուսաստանի կողմից: Բացի այդ, մենք ականատես ենք Չինաստանի տնտեսական ներթափանցմանը»:

«Աշխարհում նոր մրցավազք է սկսվել ազդեցության գոտիների համար», - պնդել է ամերիկացի բարձրաստիճան դիվանագետը՝ մանրամասնելով․ - «Ամերիկայի մրցակիցները ընդարձակում են իրենց քաղաքական, ռազմական ու տնտեսական ազդեցությունը Բալթյան տարածաշրջանից մինչև Հարավային Կովկաս: Վրաստանում և Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական մրջամտություններից հետո պարզ դարձավ, որ տարածաշրջանում Մոսկվայի ռազմական ներկայությունը կրկին գործոն է դարձել, որի հետ պետք է հաշվի նստել: Այդ սահմանից հեռու՝ Կենտրոնական Եվրոպայի երկրներում էլ Ռուսաստանը օգտագործում է էներգետիկ մանիպուլյատիվ ռազմավարություն, կոռուպցիա ու քարոզչություն, որպեսզի ներսից թուլացնի արևմտյան պետությունները և քայքայի նրանց հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ»:

Պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի հարցերով թիվ մեկ դիվանագետը նշել է, որ տարիներ շարունակ Վաշինգտոնը լուրջ չի մոտեցել այս մրցակցությանը, և սառը պատերազմի ավարտից հետո կարծել է, թե այդ տարաձայնություններն այլևս անցյալում են: Հիմա, ըստ բարձրաստիճան դիվաագետի, Նահանգներում փոխել են այդ տեսակետը. - «Այսօր քարտեզին նետված մեկ հայացքն անգամ ստիպում է վերանայել այդ քաղաքականությունն ու ընդարձակել աջակցությունը տարածաշրջանին՝ Ռուսաստանի ազդեցությանը դիմակայելու համար: Մենք պետք է ակտիվանանք, հակառակ դեպքում՝ պատրաստ լինենք պարտության․․․ Ինչպես և տասնամյակներ առաջ, այսօր էլ Վաշինգտոնը շարունակում է օգնել այն երկրներին, որոնք պատրաստ են իրենք իրենց օգնել ազատության համար պայքարում: Ի տարբերություն մեր մրցակիցների, Ամերիկան չի փորձում երկրներին կախվածության մեջ դնել իրենից: Մենք ուզում ենք, որ մեր դաշնակիցները լինեն ազատ, հզոր, ինքնավստահ պետություններ, որոնք ուզում են և կարող են կիսել Արևմուտքի պաշտպանության պատասխանատվությունը»:

Քննարկմանը մասնակցում էր նաև ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Ջորջ Քենթը, ով օրեր առաջ էր այցելել Հարավային Կովկաս ու հանդիպել երեք երկրների ղեկավարներին:

Հայաստանի վարչապետի հետ բանակցություններից հետո, ելույթ ունենալով վաշինգտոնյան լսարանում, պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյան ընդգծեց, որ հայաստանյան հեղափոխությունն իսկապես առանձնահատուկ էր, և վարչապետ Փաշինյանը, ի տարբերություն Վրաստանի ու Ուկրաինայի, արտաքին քաղաքականության ոլորտում շրջադարձային փոփոխություններ չի ծրագրում․ - «Չեմ կարծում, որ Հայաստանի վարչապետը հարցականի տակ է դնում կախվածությունը Ռուսաստանից՝ որպես Հայաստանի անվտանգության երաշխավորից, և դա շատ հետաքրիր ու վերլուծական համեմատության հիմք է տալիս Վրաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի հետ, որոնք տարված են եվրոատլանտյան նկրտումներով: Այսօր՝ թավշյա հեղափոխությունից հինգ ամիս անց, ինչպես քննարկման մասնակիցներից մեկը նշեց, Փաշինյանը 91 տոկոս աջակցություն ունի, ավելի, քան Սաակաշվիլին, Պետրո Պորոշենկոն կամ Բիձինա Իվանիշվիլին երբևէ ունեցել են: Այս փուլում հայաստանյան հասարակությունը համախմբված մանդատ է տվել նրան՝ փոփոխություններ իրականացնելու համար: Կարծում եմ, մեզ բոլորիս համար հետաքրքիր է հետևել, թե ինչպես դա տեղի կունենա մի երկրում, որը հարցականի տակ չի դնում հարաբերությունները Ռուսաստանի հետ»:

Փաստելով, որ Վաշինգտոնը շարունակելու է ուշադրությամբ հետևել հայաստանյան զարգացումներին ու բարեփոխումներին՝ պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյան ընդգծել է․ - «Ամենակարևորը թերևս արդար դատական համակարգի կայացումն է, որը կերաշխավորի ոչ միայն արդյունավետ պայքարը կոռուպցիայի դեմ, այլև հասարակության ու բիզնես միջավայրի վստահությունը պետության նկատմամբ»: