ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ սաուդցի լրագրող Ջամալ Հաշոգին «կարծես թե իսկապես մահացել է»:
Թրամփն այս մասին հայտարարել է Մերիլենդում գտնվող «Էնդրյուս» ռազմակայանում՝ պատասխանելով լրագրողների հարցերին:
Սպիտակ տան ղեկավարը նշել է, որ կսպասի հետաքննության պաշտոնական արդյունքներին, բայց, եթե լրագրողի մահվան մեջ Սաուդյան Արաբիայի իշխանությունների մասնակցությունը հաստատվի, ապա Էր-Ռիյադի համար հետևանքները բավական դաժան կլինեն:
Սաուդյան իշխանությունների կոշտ քննադատը, ով մեկ տարի առաջ ինքնակամ աքսորի է դիմել՝ հաստատվելով ԱՄՆ մայրաքաղաքում, հոկտեմբերի 2-ին այցելել է Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարան, ինչից հետո նրան ոչ ոք այլևս չի տեսել:
Միջազգային, այդ թվում՝ թուրքական որոշ աղբյուրների տվյալներով՝ Հաշոգին սպանվել է հյուպատոսարանում, իսկ նրա դին դուրս է բերվել դիվանագիտական ներկայացուցչության տարածքից:
Թուրքական աղբյուրները նաև պնդում են, որ Հաշոգիի սպանությունը կազմակերպվել է սաուդյան իշխանությունների հովանու ներքո, հանցագործությունը կատարելու համար այդ երկրից հատուկ ծառայությունների աշխատակիցների խումբ է ժամանել, որի անդամները, մի քանի ժամ մնալով Ստամբուլում, վերադարձել են հայրենիք:
Էր-Ռիյադը կտրականապես հերքում է մեղադրանքները:
Ներկայումս լրագրողի անհետացման գործը քննում է թուրք-սաուդական համատեղ խումբը: Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները, սակայն, կոչ են անում հետաքննությունն անցկացնել ՄԱԿ-ի մակարդակով:
Էր-Ռիյադի մերձավոր դաշնակից Միացյալ Նահանգների նախագահն ավելի վաղ խոստացել է պատժել Սաուդյան Արաբիային, եթե պարզվի, որ Հաշոգիի ենթադրյալ սպանության հետևում կանգնած է թագավորության իշխանությունը: