Վահրամ Բաղդասարյանը «ճիշտ է համարում», որ ՀՀԿ-ն մասնակցի արտահերթ խորհրդարանական ընտրություններին

Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը «ճիշտ է» համարում Հանրապետականի մասնակցությունն արտահերթ խորհրդարանական ընտրություններին։

«Ինձ թվում է, որ ճիշտը մասնակցությունն է, և դրա համար պետք են լուրջ մոտեցումներ, լուրջ ռեսուրսների գնահատականը տանք։ Չեմ ցանկանում միանձնյա որոշում կայացնել, պարզապես կան կարծիքներ, հիմնական կարծիքները՝ մասնակցելն է», - «Ազատության» հետ զրույցում ասաց Բաղդասարյանը։

Հարցին, թե Հանրապետականի վարկանիշը կարևոր չէ՞՝ հաշվի առնելով հանրության վերաբերմունքը ՀՀԿ-ի նկատմամբ, ՀՀԿ խմբակցության ղեկավարը պատասխանեց. - «Երբ որ ասում եմ՝ պետք է գնահատենք ռեսուրսները, նաև՝ վարկանիշը, դրա համար մենք չենք շտապում հայտարարություն անելու, մենք ժամանակ ունենք, դրա մասին հայտարարություն կանենք»։

Փաստորեն Բաղդասարյանի խոսքով՝ ՀՀԿ-ն «տրամադրվածություն ունի» մասնակցելու ընտրություններին, իսկ թե ո՞վ է կգլխավորի ցուցակը, Վահրամ Բաղդասարյանն այդ հարցի պատասխանը դեռ չունի. - «Դուք հարցեր եք տալիս, որոնց պատասխանները դեռ չկան»։

Հարցին, թե մտավախություն կա՞ խորհրդարան չանցնելու հետ կապված, ՀՀԿ խմբակցության ղեկավարը պատասխանեց. - «Եթե քաղաքական դաշտում գնում ես պայքարի, պետք է լինեն և մտավախություններ, բայց ոչ թե վախ։ Քաղաքական ուժը պարտավոր չէ, նրա ճակատին գրված չէ, որ պետք է լինի իշխանություն, կամ խորհրդարանում, կարող է տարբեր տեղերում հայտնվել»։