Թուրք քննիչներն այսօր նորից մուտք են գործել Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանի տարածք, որտեղ երեկվանից խուզարկություն են կատարում՝ փորձելով տեղեկություններ հայթայթել սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշոջիի առեղծվածային անհետացման մասին:
Սաուդյան Արաբիայի ռեժիմի քննադատ Խաշոջին հոկտեմբերի 2-ին այցելել է հյուպատոսարան, և դրանից հետո նրա մասին որևէ տեղեկություն չկա:
Թուրք իրավապահները համոզված են, որ հյուպատոսարանում լրագրողին հարցաքննել են և մարմինը մասնատելով՝ սպանել: Թուրքերն ընդգծում են հենց այդ դաժան հանգամանքը՝ ոչ թե սպանել են ու մասնատել, այլ մասնատելով են սպանել, և այդ սարսափելի կտտանքը տևել է 7 րոպե:
Ըստ թուրքերի, սպանությունից հետո սաուդցի-քիլերների խումբը դիակի մասերը, ենթադրաբար, դուրս է հանել հյուպատոսարանի տարածքից:
Թուրք քննիչների համոզմամբ, լրագրողին սպանելու համար Սաուդյան Արաբիայից Ստամբուլ մասնավոր օդանավով ժամանել է հատուկ թիմ, որի կազմում 15 անդամ է եղել:
Ենթադրվում է, որ նրանք կապեր ունեն Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամադ բին Սալմանի հետ, ով, ամենայն հավանականությամբ, ոչ հեռու ապագայում կփոխարինի 82-ամյա հորը՝ թագավոր Սալմանին:
Քիլերների խումբը, որի կազմում էին անվտանգության ծառայության անդամներ, զինծառայողներ, քննիչներ և նույնիսկ մեկ դատական բժիշկ՝ բոլորը դիվանագիտական անձնագրերով, սպանությունից հետո անմիջապես վերադարձել է հայրենիք:
Սաուդյան Արաբիան կտրականապես հերքում է ընդդիմադիր լրագրողին սպանելու մեղադրանքը:
Սաուդյան Արաբիան ԱՄՆ-ի կարևոր գործընկերն է տարածաշրջանում և մտադիր է առաջիկայում 450 միլիարդ դոլարով գնել ամերիկյան արտադրության տարբեր ապրանքներ ու սարքավորումներ և 110-ը միլիարդ դոլարով գնել զենք ու զինամթերք: Ըստ նախագահ Դոնալդ Թրամփի, այդ հսկայական գումարն աննախադեպ է ոչ միայն Սաուդյան Արաբիայի և ԱՄՆ-ի, այլև ամբողջ աշխարհի առևտրի պատմության ընթացքում: Բայց մյուս կողմից ամերիկացիները չեն կարող անտեսել ամերիկյան և համաշխարհային հանրության զայրույթը լրագրողի անհետացման հարցում:
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել թագավոր Սալմանի հետ: Ըստ Թրամփի, թագավորը հավաստիացրել է, թե ոչ մի տեղեկություն չունի լրագրողի մասին և խոստացել է, որ Սաուդյան Արաբիայի իրավապահներն ըստ ամենայնի կաջակցեն թուրք գործընկերներին:
Թրամփը պետքարտուղար Մայք Փոմփեոյին գործուղել է տարածաշրջան: Փոմփեոն Էր-Ռիադում հանդիպել է և՛ թագավորի, և՛ թագաժառանգի հետ, ինչից հետո մեկնել է Թուրքիա, որտեղ հանդիպել է նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի և արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ:
Փոմփեոյի փոխանցմամբ, թագավորը և թագաժառանգը խոստացել են աջակցել հետաքննությանը:
Թուրք քննիչները խուզարկություններ են անցկացրել ոչ միայն հյուպատոսարանի շենքում, այլև համալիրի մաս կազմող այգու տարածքում, ստուգել են մեքենաները և վերցրել ինչ-որ նյութերի նմուշներ: Թուրքերը չեն ասում, թե խոսքը ինչ տեսակինյութերի մասին է:
Ուշագրավ է, որ Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոս Մուհամադ ալ-Օթայբին հոկտեմբերի 16-ին հայրենիք է վերադարձել:
Թուրքերը պնդում են, որ ունեն լրագրողի սպանության փաստը հաստատող աուդիո-վիզուալ ինֆորմացիա: Նախագահ Թրամփն ասել է, թե ամերիկացիներին անհրաժեշտ են այդ ապացույցների կրկնօրինակները և հույս է հայտնել, որ պետքարտուղարը դրանք իր հետ կբերի Վաշինգթոն:
Մինչդեռ, «Ենի Շաֆաք» իշխանամետ թուրքական պարբերականն այսօր շատ հետաքրքիր լուր է հայտնել՝ Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիադում ճանապարհային կասկածելի վթարից զոհվել է օդուժի սպա Սաադ ալ-Բուսթանին, ով քիլերների խմբի կազմում հոկտեմբերի 2-ին ժամանել է Ստամբուլ և, ամենայն հավանականությամբ, ներկա է եղել լրագրողի սպանությանը: