Նավալնին ընդունել է Պուտինի թիկնազորի նախկին ղեկավարի մարտահրավերը

Ռուս ընդդիմադիր Ալեքսյ Նավալնին ընդունել է Ռոսգվարդիայի ղեկավար, նախագահ Պուտինի թիկնազորի նախկին ղեկավար Վիկտոր Զոլոտովի նետած մարտահրավերն ու պնդել՝ պատրաստ է նրա հետ բանավիճել դաշնային հեռուստաընկերության ուղիղ եթերում:

«Դուելի ձևաչափն ու զենքը որոշում է նա, ում ձեռնոց են նետել, ես այդ մարտահրավերն ընդունում եմ, և ընտրում՝ մեր մենամարտը կկայանա բանավեճի տեսքով՝ ուղիղ եթերում», -հայտարարել է Նավալնին՝ հավելելով՝ Ռոսգվարդիայի ղեկավարը մտորելու մեկ շաբաթ ժամանակ ունի:

Գեներալը մենամարտի էր հրավիրել ընդդիմադիր գործչին ու սպառնացել նրանից «հյութեղ բիֆշտեքս» պատրաստել անցած ամիս, երբ Նավալնու գլխավորած հիմնադրամը աղմկահարույց փաստեր էր հրապարակել Ռոսգվարդիայի կոռուպցիոն գործարքների մասին:

Այսօր Նավալնին նոր փաստեր է հրապարակել Զոտոլովին և նրա հարազատներին պատկանող անշարժ գույքի մասին:

«Ես, միևնույնն է, չեմ փոխի իմ կարծիքը Ձեր մասին․ դուք գող եք, թալանում եք պետությունն ու ժողովրդին, ինչպես նաև՝ Ռոսգվարդիայի ձեր գործընկերներին», - հայտարարել է Ալեքսեյ Նավալնին: