Այսօր տասնյակ քաղաքացիներ, ովքեր չնայած արգելքին փորձում են աջ ղեկով ճապոնական մեքենաներ ներկրել Հայաստան, բողոքի ակցիա են անցկացնում Բագրատաշենի անցակետում: Նրանք պնդում են, որ ավելի քան 1500 նոր գնված մեքենաներ չեն կարողանում հասցնել Հայաստան:
Այս տարվա մարտի 1-ին Ազգային ժողովն օրենք է ընդունել, որով ապրիլի 1-ից արգելվում է աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումը:
Ակցիայի մասնակիցները պնդում են, որ տարեսկզբին բոլոր քննարկումները եղել են ժամանակավոր արգելքի շուրջ՝ մինչև հոկտեմբերի 1-ը։
«Հին կառավարությունը ասել է, որ ապրիլի 1-ից մինչև հոկտեմբերի 1-ը ժամանակավոր արգելք ա, արգելվում ա ներմուծելը: Դրանից հետո ներքին կարգով ժամանակավոր բառը հանվել ա ու ոչ մեկին տեղյակ չի պահվել», - պնդում էր ցուցարարներից մեկը:
«Իրանց աշխատակիցներից՝ հենց կառավարությունից, տրանսպորտի-կապի նախարարությունից աշխատակիցներ, որ ամեն օրվա էդ օրենքներ ընդունելը իրանց միջանցքներում ա լինում, իրանք էլ տեղյակ չեն եղել: Լավ, բա ո՞վ ա տեղյակ եղել՝ 3-4 հոգի՞», - հարց բարձրացրեց մյուսը:
Դեռ տարեսկզբին կառավարությունը քննարկում էր «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումը ժամանակավոր արգելելու մասին» օրենքի նախագիծ։ Արգելքը պետք է գործեր ապրիլի 1-ից մինչև հոկտեմբերի 1-ը։ Մինչդեռ կառավարության նախագիծը, ի վերջո, օրենք դարձավ ոչ թե որպես ժամանակավոր, այլ առանց ժամկետի։ Վրաստանում մնացած մեքենաների համար մեծ տուգանքների ենթարկվող ներկրողները պնդում են՝ իրենք անգամ մասնակցելով դեռ տարեսկզբին տեղի ունեցած քննարկումներին, տեղյակ չեն եղել, որ ներմուծման արգելքն անժամկետ է։
Քննարկումների ժամանակ իշխանությունները որպես հիմնավորում պնդում էին, որ աջ ղեկով մեքենաները վտանգավոր են երթևեկության համար: Պաշտոնապես նշվում էր, որ մեծ տոկոս են կազմում այսպիսի մեքենաների մասնակցությամբ վթարները։ Մինչդեռ Բագրատաշենում արդեն ավելի քան 15 օր անելանելի վիճակում հայտնված ներկրողները հակադարձում են. այստեղ նախորդ իշխանությունները բիզնես շահեր են հետապնդել։
«Էդ ռուսական զիբիլ ավտոները ուզում են բերեն մտցնեն Հայաստան», - պնդում էին նրանք:
Մեքենա ներկրողներն առաջարկում են արգելքը հանել մինչև 2020 թվականը, երբ ԵԱՏՄ բոլոր երկրներում է արգելվելու աջ ղեկով մեքենաների շահագործումը։ Նշում են, որ այսպիսի մեքենաների ներմուծմամբ իրենք սոցիալական խնդիր են լուծում: Ճապոնիայից ներկրվող աջ ղեկով մեքենաները առնվազն կրկնակի էժան են։ «Մարդիկ ձևը գտել՝ զբաղվում-ապրում են», - պնդում էին նրանք:
Այսօր Տրանսպորտի նախարար Հակոբ Արշակյանը «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է, որ բողոքներն ուշացած են, դրա դեմ պետք է բողոքեին, երբ օրենքն ընդունվում էր։ Ընդունելով, որ հրապարակային քննարկումներում նախագիծը եղել է իբրև ժամանակավոր, նախարարը նշել է, որ ներկրողները պարտավոր էին տեղյակ լինել ընդունված օրենքին։ Իսկ հարցին, թե ինչ է սպասվում սահմանին մնացած մեքենաներին, նախարարն ասել է․ - «Այդ հարցը լուծելու հնարավորություն չկա օրենքի շրջանակներում: Դրա համար իմ կոչը էնա, որ էդ մարդիկ իրանց մեքենաները վաճառեն Վրաստանում»:
Նախարարի պատասխանն այսօրվա բողոքի մասնակիցներին չի բավարարել, ասում են, որ շարունակելու են իրենց ակցիաները։
«Մենք եկել ենք մեր ավտոները տանենք ստեղից: Թող ձևակերպեն՝ մենք չենք էթալու ստեղից էնքան վախտ, մինչև մեր ավտոները չձևակերպեն», - ասում էին նրանք: