Այսօր մի քանի տասնյակ հայաստանցիներ, ովքեր աջ ղեկով ճապոնական մեքենաներ են ներկրել, փաստի առաջ են կանգնել հայ-վրացական սահմանին. ավելի քան 1500 նոր գնված մեքենաներ չեն կարողանում հասցնել Հայաստան։
Դեռ այս տարվա մարտի 1-ին Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքով արգելվել է Հայաստան ներկրել աջ ղեկով մեքենաներ, մինչդեռ այսօր Բագրատաշենի անցակետում բողոքի ակցիայի մասնակիցները պնդում են, որ տարեսկզբին բոլոր քննարկումները եղել են ժամանակավոր արգելքի շուրջ՝ մինչև հոկտեմբերի 1-ը։
«Հետագայում օրենքն ընդունելուց հետո Ազգային ժողովի կողմից ոչ մի տեղ չի հրապարակվում, հանրությունը տեղյակ չի լինում դրա մասին: Մարդիկ մտածելով, որ հոկտեմբերի 1-ից հետո կարող են աջ ռույլով մեքենաներ ներմուծեն Հայաստան, երկու ամիս առաջ սկսում են մեքենաներ առնել», - ասաց ցուցարարներից մեկը՝ նշելով, որ հիմա մոտ 130 մեքենա կանգնած է սահմանում, մոտ 2000-ն էլ՝ Վրաստանում, և մարդիկ չեն կարողանում գրանցել մեքենաները, որպեսզի բերեն Հայաստան:
Ցույցի մասնակիցներից մեկն էլ «Ազատության» հետ զրույցում ասաց. - «Թաքուն, մի քանի օրվա, ժամվա մեջ ընդունվել է օրենք, տեղյակ չեն եղել քաղաքացիները, ու մաքսակետի պատին էլ կպցրած է եղել այն բանը, որ կա մինչև հոկտեմբերի 1-ը արգելք, հետո կարան բերեն»։
Հարցին, թե ինչո՞ւ են հենց աջ ղեկով մեքենաներ բերում Հայաստան, բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը պատասխանեց. - «Այս տարբերակն ավելի մատչելի ու հասանելի է բոլորին՝ թե՛ ընդհանուր վիճակով, թե՛ տարեթվով»: