Հայաստանը ԼՂ խնդրի կարգավորման շուրջ բանակցում է ՀՀ դիրքորոշման շրջանակներում. Զոհրաբ Մնացականյան

Հայաստանը ղարաբաղյան խնդրի կարագավորման շուրջ աշխատում և բանակցում է Հայաստանի դիրքորոշման շրջանակներում, այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը՝ մասնավորապես պատասխանելով այն հարցին, թե ինչպե՞ս է վերաբերում Հայաստանում դեսպանի լիազորություններն ավարտած ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլիզի «հող խաղաղության դիմաց» հայտարարությանը։

«Մենք աշխատում ենք մեր դիրքորոշումների շրջանակում, բանակցում ենք մեր դիրքորոշումների շրջանակում, և շարունակելու ենք անել այն, ինչ-որ անում ենք մեր դիրքորոշումների շրջանակում», - ասաց Մնացականյանը։

Հայաստանում իր աշխատանքն ավարտած ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզն օրերս EVN Report-ին տված հարցազրույցում ասել էր․ - «Երբ նոր էի եկել այստեղ, զարմացա, որ ինձ հանդիպած հայերի մեծամասնությունը հաստատակամորեն դեմ էին գրավյալ տարածքների վերադարձին՝ որպես բանակցային կարգավորման մի մաս»:

Միլզը նշել է, որ այդ հողերի վերադարձը համապատասխանում է Մադրիդյան սկզբունքներին:

«Իմ կառավարության ընկալումը երկար ժամանակ այն է եղել, որ այդ տարածքներն ի սկզբանե գրավվել էին՝ որպես խաղաղության հասնելու մի տարբերակ», - ասել էր երեկ Հայաստանից հեռացած դեսպանը՝ հավելելով՝ հասկանում է, թե ինչպես, օրինակ, 2016 թվականի ապրիլյան պատերազմն ավելի է դժվարացնում այդ գործընթացը հայերի համար, «սակայն դաժան իրականությունն այն է, որ ցանկացած կարգավորում պահանջում է որոշակի գրավյալ տարածքների վերադարձ»: