Հռոմը դեմ է Ռուսաստանի նկատմամբ Եվրամիության սահմանած պատժամիջոցների երկարաձգմանը․ Իտալիայի փոխվարչապետ

Իտալիայի փոխվարչապետը հայտարարել է, որ իր երկիրը դեմ է Ռուսաստանի նկատմամբ Եվրամիության սահմանած պատժամիջոցների երկարաձգմանը, սակայն նա նաև նշել է, որ Հռոմը պատրաստ չէ վետո դնել պատժամիջոցների երկարաձգման վրա:

«Համոզված եմ, որ պատժամիջոցները տնտեսական, սոցիալական և մշակութային խելագարություն են», - ասել է Մատտեո Սալվինին հոկտեմբերի 17-ին Մոսկվա կատարած այցի ընթացքում:

Եվրամիության առաջատար երկրները՝ Գերմանիան և Ֆրանսիան, ինչպես նաև ԵՄ անդամ երկրների մեծամասնությունը կարծիք են հայտնել, որ պատժամիջոցները հարկավոր է երկարաձգել, քանի դեռ հակամարտության հանգուցալուծման ուղղությամբ առաջընթաց չկա:

Իտալիայի փոխվարչապետը մտահոգիչ է համարել այն փաստը, որ 1974 թվականից Հյուսիսային Կիպրոսը օկուպացրած Թուրքիայի նկատմամբ որևէ քայլ չի ձեռնարկվել, մինչդեռ «Ուկրաինայի դեմ խախտումների մասին պնդումների հիման վրա» պատժամիջոցներ են սահմանվել: