«Նիկոլ Փաշինյանի վարչապետության անցած հնգամսյա ժամանակահատվածի գլխավոր ձեռքբերումը Հայաստանի ինքնիշխանության ամրապնդումն է», - այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը՝ հավելելով․ - «Սուվերենության աստիճանը մեզ մոտ շատ է կաղում, բաց խոսենք: Շատ բաներ տրվեցին Ռուսաստանին, ինչի պատճառով Հայաստանը ունի թույլ կողմեր: Հիմա Նիկոլ Փաշինյանը, իմ կարծիքով, փորձ է անում ավելի հավասարը հավասարի հետ աշխատել»:
«Շատ դրական եմ համարում նաև այն, որ Հայաստանը Ռուսաստանի հետ շարունակում է աշխատել, բայց բարձրացնում է հարցերը: Գոնե հարցերը բարձրացված են․ ինչ լուծում կստանան, ժամանակը ցույց կտա․․․ Խնդիր կա, որ ՀԱՊԿ-ի շրջանակում Ռուսաստանը ու Բելառուսը զենք են ծախում Ադրբեջանին: Ինձ համար կարևոր էր, որ Նիկոլ Փաշինյանը հստակ դրեց էդ հարցերը: Լուծումները, պարզ ա, մի օրում չեն լինի, բայց դա դրական է: Ես կասեի՝ իր արտաքին քաղաքականությունը ավելի է նման բազմավեկտոր քաղաքականությանը», - նշեց Գրիգորյանը:
Ներքին քաղաքականության մեջ, ըստ վերլուծաբանի, առաջնայինը Հայաստանում տասնամյակներով գործող կոռումպացված համակարգի ապամոնտաժումն է․ - «Նիկոլ Փաշինյանը կարողացավ գլխավորել այդ հեղափոխությունը, կարողացավ դարձնել այդ հեղափոխությունը թավշյա և, գոնե կառավարության մակարդակով փոփոխությունների հասնել: Դա գնահատվում է, ի վերջո այն անփոփոխ 20 տարվա կառավարական համակարգը պետք էր սկսել քանդել, փոխել, ու Նիկոլ Փաշինյանը դրան հասավ»:
Միևնույն ժամանակ, Ստեփան Գրիգորյանի ներկայացմամբ, հանրության մոտ հարցեր են առաջանում «առանձին կադրային նշանակումների առնչությամբ»:
Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստյոպա Սաֆարյանի խոսքով, թավշյա հեղափոխությունը ահռելի փոփոխություն է բերել հասարակական, քաղաքական կյանքում․ - «Անհերքելի է, որ հեղափոխությունից հետո և՛ հասարակական մթնոլորտն է փոխվել, և՛ տրամադրությունները, և՛ սպասումները: Իհարկե, ցանկալի կլիներ, որ պարոն վարչապետը և նրա թիմը մտածեին այս ընթացքում նաև կարճաժամկետ որոշակի արդյունքներ ապահովելու մասին: Կառավարության կողմից ներկայացված ծրագրերը որոշակի շոշափելի արդյունքներ բերեին նաև մարդկանց համար տեսանելի և զգալի դաշտում»:
Ըստ Սաֆարյանի, օրենսդրական ոլորտում և դատական համակարգում ցավալիորեն նշանակալից որևէ փոփոխություն չկա․ - «Գործադիր իշխանությունը ավելի շատ իրականացրել է ընթացիկ կառավարում հանուն արդարության, և իհարկե կառավարության կազմի անփորձությունը իր ազդեցությունն է թողել նաև ոլորտների վրա, որովհետև նաև այդ ոլորտներում այնպես չէ, որ որոշակի փոփոխություններ նկատելի են եղել: Մի բան ակնհայտ է, որ կոռուպցիայի դեմ պայքարի քայլեր կարող ենք մատնանշել այս հինգ ամիսների ընթացքում: Ես կարծում եմ, լուրջ տեղաշարժ է տեղի ունեցել Մարտի 1-ի գործով բացահայտումների ուղղությամբ»:
1991-ին Հայաստանի անկախության նվաճումից հետո 15-րդ վարչապետը՝ Նիկոլ Փաշինյանը այս տարվա մայիսի 8-ին Ազգային ժողովի կողմից ընտրվեց վարչապետի պաշտոնում, և երեկ հայտարարեց հրաժարական տալու մասին՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու նպատակով: