«Սերժ Սարգսյանը հարգանքով է ընդունել իմ որոշումը». Գևորգ Կոստանյան

Հանրապետական խմբակցության պատգամավոր, Ազգային ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ, նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը վերահաստատեց՝ պատրաստ է «օժանդակել կառավարությանը և Նիկոլ Փաշինյանին»:

«Իր նպատակները, իր սկզբունքները, իր ուղղությունն ազնիվ է և քանի դեռ այդ ամն ինչն ազնիվ է, ես ամբողջ ծավալով կօժանդակեմ, ընդ որում կապ չունի ես երկրի ներսում կլինեմ, թե՝ երկրից դուրս», - ասաց Կոստանյանը:

Իր՝ մայիսի 8-ի հայտարարության և այսօր հայտնած կարծիքի մեջ Հանրապետական պատգամավորը հակասություն չի տեսնում՝ ասելով, որ այստեղ սկզբունքայնության շեղման դրսևորում չկա։

«Ցանկացած մարդ, ով պետական ծառայության հետ որևէ առընչություն ունի, կհասկանա, որ պետական ծառայության երաշխիքը հենց ծառայությունն է հայրենիքին: Ես երբևէ որևէ առումով իմ սկզբունքներից չեմ շեղվել և երբեք չեմ էլ շեղվելու, եթե որևէ մեկը դա կարող է համարել շեղում, ես շատ մեծ հաճույքով կլսեմ բոլոր հիմնավորումները», - ասաց Կոստանյանը:

ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահը նշեց՝ մայիսի 8-ին ասել է, որ Փաշինյանն ազնիվ է և հարգում է նրան, բայց միաժամանակ նշել է, որ որևէ մեկը Նիկոլ Փաշինյանին չի տեսել պետական կառավարման պրոցեսում, որովհետև Նիկոլ Փաշինյանի ամբողջ կենսագրությունը եղել է լրագրողական, հանրային-հասարակական և պառլամենտական գործունեության մեջ:

Պատգամավորը հավելեց, որ այս ընթացքում համոզվել է Փաշինյանի նպատակների ազնվության մեջ և իր խորին համոզմամբ, ուղղված են պետության բարօրությանը:

Կոստանյանն ասաց, որ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը շատ հարգանքով է ընդունել իր որոշումը։ «Սերժ Սարգսյանը շատ հարգանքով է ընդունել իմ որոշումը և միշտ ինքը հարգանքով է վերաբերվում բոլորի որոշմանը, և մամուլում ինչ են գրում, կամ ոնց են գրում, դրանք 48-րդական հարցեր են։ Ինքը շատ հարգանքով վերաբերվեց իմ որոշմանը, ինչ վերաբերվում է ֆրակցիայի հետ հակասություն փնտրելուն, ես այստեղ էլ հակասություն չեմ տեսնում, որովհետև նույն օրը ֆրակցիան էլ հայտարարություն տարածեց, այդտեղ որտեղ հակասություն կա՞ր», - ասաց Կոստանյանը։

«Ազատության» հարցին, թե թիմից սահմանազատվելու, իրեն հեռու պահելու խնդիր ունե՞ր, Կոստանյանը պատասխանեց. - «Ես ինձ թիմից երբեք հեռու չեմ պահել ու չեմ պահում, ուղղակի ես ուզում եմ, որ դուք մշտապես հասկանաք մի բան՝ ես կուսակցական չեմ և կուսական չեմ եղել ու չեմ լինելու երբեք, մի պարզ պատճառով՝ կուսակցական լինելու պարագայում դու կաշկանդված ես կուսակցական շահերով, կանոններով և կարգապահությամբ: Ես երբեք չեմ եղել կուսակցական հենց այն նկատառումից ելնելով, որ ես երբևէ՝ ո՛չ կուսակցական, ո՛չ քաղաքական կաշկանդվածություն չունենամ դիրքորոշումն արտահայտելու տեսանկյունից։ Ինչ վերաբերում է թիմին, ես եղել եմ թիմի անդամ և մնում եմ իմ թիմի անդամը»։