«Քաղաքացիական պայմանագիր»-ն արտահերթ խորհրդարանական ընտրություններում կպահպանի «Իմ քայլը» դաշինքն ու անվանումը։ Այդ մասին «Ազատության» հետ զրույցում ասաց կուսակցության անդամ, Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը՝ նշելով՝ այլ կուսակցությունների հետ մեծ դաշինքներ չեն կազմելու։
«Ազատություն». - Արդեն իսկ հստակ է, թե ինչպե՞ս է «Քաղաքացիական պայմանագիր»-ը գնալու ընտրություններին՝ կրկին դաշի՞նք է լինելու, թե՞՝ հակված է ավելի շատ միայնակ մասնակցել ընտրություններին։
Լենա Նազարյան. - Վերջնական որոշում չկա, բայց կարծում եմ, որ կպահպանենք «Իմ քայլը» դաշինքը և անվանումը։ Մենք նորից ուզում ենք դաշինք կազմել քաղաքացիների հետ, անհատների հետ, հրավիրել մեր կուսակցություն և մեր դաշինք։
«Ազատություն». - Անհատներին, քաղաքացիներին և ոչ թե այլ կուսակցությունների՞ն։
Լենա Նազարյան. - Չէ, չեմ կարծում, որ այլ կուսակցությունների հետ մենք կհամագործակցենք։
«Ազատություն». - Ո՞րն է պատճառը, որովհետև հնչում են տեսակետներ ընդդիմադիր դաշտից, «Ժառանգություն»-ից Արմեն Մարտիրոսյանն էր նաև ասում, որ հեղափոխական ուժերը պետք է միասին գնան, և նրանք ցանկություն ունեն ձեզ հետ միասին գնալու։
Լենա Նազարյան. - Իսկ մենք ցանկություն ունենք մեր ցուցակում ընդգրկել այն անձանց, ովքեր ոչ թե կուսակցության անդամներ են, նաև կարող են այլ կուսակցությունների անդամներ լինեն, հետո որոշեն արդեն մեր թիմի անդամ լինել, բայց մարդկանց, ովքեր պրոֆեսիոնալ են, ունեն փորձ, գիտելիք, հմտություններ, կարողություններ, որովհետև Ազգային ժողովի գործունեությունը շատ բարդ է՝ պետք է լինի շատ ակտիվ ընդունելություն քաղաքացիների հետ, պետք է հանձնաժողովներում ակտիվ աշխատանք լինի, ծավալուն նախագծեր են, բարդ նախագծեր՝ տնտեսական, ֆինանսաբյուջետային հանձնաժողովներում միշտ շատ ծավալուն նախագծեր են քննարկվում, նաև միջազգային կազմակերպություններում պատվիրակությունների կազմում մենք պետք է ունենանք պատգամավորներ, ովքեր տիրապետում են օտար լեզվի և կարող են ներկայացնել Հայաստանի շահերն այդ հարթակներում։
«Ազատություն». - Այսինքն հստակ է՝ կուսակցությունների հետ մեծ դաշինքներ «Ելք»-ը չի կազմելու։
Լենա Նազարյան. - Այո, կուսակցությունների հետ մեծ դաշինքներ չենք կազմելու։
«Ազատություն». - Իսկ հնարավո՞ր է, որ այդպիսի անհատների մեջ լինեն նախկին իշխանության ներկայացուցիչներ՝ Հանրապետականից, կամ Հանրապետականի օրոք աշխատած պաշտոնյաներ։
Լենա Նազարյան. - Ես չեմ բացառում, իհարկե դա չի կարող վերաբերել բոլորին, մենք անպայման հաշվի կառնենք, թե ով է այդ մարդը, ինչ ճանապարհ է անցել և, բնականաբար, հանրության համար նաև ընդունելի պետք է լինի այդ թեկնածուն։
«Ազատություն». - Ի դեպ, Հունան Պողոսյանի դեպքում, վստահ եմ, որ տեղյակ եք, թե ինչպիսի դժգոհություն բարձրացավ և իրավապաշտպանների և հասարակության մի զգալի հատվածի կողմից, իրավապաշտպաններն ասացին, որ նրա անունն ասոցացվում է նախկին իշխանության օրոք տեղի ունեցած բռնությունների հետ։ Ձեզ համար ընդունելի՞ էր այս թեկնածությունը։
Լենա Նազարյան. - Կառավարության նիստում վարչապետը բացատրեց, թե ինչու է ներգրավել ուժային համակարգի նախկին աշախատողին, այնուամենայնիվ ես ակրծում եմ, որ լրացուցիչ բացատրության կարիք կա, մասնավորապես, հաշվի առնելով Սյունիքի առանձնահատկությունները՝ ես կարծում եմ, որ վարչապետը պետք է բացահայտի հանրության համար, թե ինչ խնդիր է լուծելու Հունան Պողոսյանը Սյունիքում, ինչ խնդիր է նրա առաջ դրված, որպեսի մենք իսկապես հասկանանք ինչ տրամաբանությամբ է այդ ընտրությունը կատարվել, եթե կան շատ կոնկրետ խնդիրներ, որոնք պետք է լուծի և վարչապետը համարել է, որ Հունան Պողոսյանը կարող է այդ հարցերը լուծել, ապա հանրությունը պետք է այդ մասին տեղեկացված լինի, և հետագայում մենք տեսնենք այդ հարցերը լուծված են, թե՞՝ ոչ։
«Ազատություն». - Ի՞նչ խնդիրների մասին է խոսքը, ի՞նչ հարցեր պետք է լուծի Հունան Պողոսյանը։
Լենա Նազարյան. - Ես ենթադրում եմ, ես ինքս այդ հարցը հնարավորության դեպքում կուղղեմ վարչապետին, գուցե Ազգային ժողովի հերթական նիստի ժամանակ, երբ հարցուպատասխանի նիստը կլինի կառավարության հետ՝ հաշվի առնելով Սյունիքի առանձնահատկությունը, որ այնտեղ միշտ արմատացած են եղել գոնե իշխանության մակարդակում քրեական հակումներ ունեցող պաշտոնյաներ, բարդ է եղել այնտեղ աշխատելը, և գուցե պետք է լինեն մարդիկ, ովքեր շատ ավելի կոշտ որոշումներ կկայացնեն և ավելի վստահ կգործեն։
Կառավարության երեկվա արտահերթ նիստում Հունան Պողոսյանը նշանակվեց Սյունիքի մարզպետ։
Դեկտեմբերին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին պատրաստվող «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը դեռևս չի որոշել դաշինք կկազմեն, թե միայնակ կմասնակցեն ընտրություններին, սակայն ԲՀԿ խորհրդի քարտուղար Նաիրա Զոհրաբյանն ընդգծեց՝ իրենց նախընտրական ցուցակը պետք է գլխավորի Գագիկ Ծառուկյանը:
«Ես պնդելու եմ, որ մեր կուսակցության ցուցակը գլխավորի, անպայմանորեն, Գագիկ Ծառուկյանը», - «Ազատության» հետ զրույցում ասաց ԲՀԿ խորհրդի քարտուղարը:
Զոհրաբյանը շեշտեց՝ Ծառուկյանը օլիգարխ չէ, քանի որ օլիգարխն այն մարդն է, ով պետական լծակները օգտագործում է սեփական բիզնեսի համար:
Ինչ վերաբերում է խորհրդարանական «Ելք» խմբակցության կազմում ընդգրկված «Լուսավոր Հայաստանին», ապա կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր ասաց, որ խորհրդարանական ընտրություններում «Լույս» դաշինքը կպահպանեն, որի մեջ ներգրավված է նաև Արամ Սարգսյանի ղեկավարած «Հանրապետություն» կուսակցությունը: Մարուքյանի փոխանցմամբ դեռևս պարզ չէ՝ «Լույս» դաշինքում կլինեն միայն 2 ուժերը, թե կներգրավեն նաև այլ անհատներ: «Բրենդը կա, բրենդը կլինի, բայց ես կարծում եմ, որ այն ավելի լայն ձևավորում կունենա», - ասաց Մարուքյանը՝ նշելով, որ Նիկոլ Փաշինյանին առաջարկ չեն արել «Իմ քայլի» հետ դաշինք կազմելու: