«Նոր ժամանակները աղքատության և աղքատությունից բողոքելու ժամանակներ չեն». Նիկոլ Փաշինյան

Նոր ժամանակները աշխատանքի ժամանակներ են, նոր ժամանակները աղքատության և աղքատությունից բողոքելու ժամանակներ չեն, այսօր Սպրոտի և երիատասարդության հարցերի նախարարությունում ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ նախարարության աշխատակազմին ներկայացնելով սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանին։

Փաշինյանը նշեց, որ կառավարությունը պետք է ամեն ինչ անի, որպեսզի խրախուսի աշխատանքն, իսկ սա անելու համար, ըստ վարչապետի պաշտոնակատարի, պետք է երկրում աշխատող, ավելացված արժեք ստեղծող, հարկ վճարող, հարկերը պարտաճանաչ վճարող քաղաքացիների թիվը հնարվորինս մեծ լինի։

«Մեր խնդիրն է այնպես անել, որ այդ վճարված հարկերը չգողացվեն, և ծախսվեն առավել արդյունավետ, և այնպես անել, որ տնտեսական գործունեությունն աճի։ Բայց կառավարությունն ինքը գործարան կառուցող չի, կառավարությունը պայմաններ ստեղծող է, որպեսզի նրանք, ովքեր ներդրում են անում, այդ ներդրումների անվտանգությունը երաշխավորի, օրինականության, գործունության անվտանգությունը երաշխավորի, մարդկանց քաջալերի, էներգիա, հավատ, հույս տա, որ սեփականությունն անձեռնմխելի է, իրավունքներն անձեռնմխելի են, որ երկրում հաստատված է անկախ դատական համակարգ, օրենքի իշխանություն, կոռուպցիան արմատախիլ է արված, մի մասն արված է, մի մասն էլ կասկած չկա, որ կանենք։ Զարգացումն այն է, երբ մեզնից յուրաքանչյուրն իր բաժին աշխատանքն անում է», - ասաց Փաշինյանը։

Բնական համարելով, որ բազմաթիվ ընտանիքներ, մարդիկ պահանջում են, որ կառավարությունը քայլեր ձեռնարկի իրենց բարեկեցությունն ապահովելու համար՝ Փաշինյանը հարցրեց՝ արդյո՞ք բոլոր մարդիկ իրենցից կախված ամեն ինչ անում են իրենք իրենց բարեկեցությունն ապահովելու համար։

«Վախենամ, որ այս հարցի պատասխանը միշտ չէ, որ դրական է, որովհետև շատ տեղերում մենք կարող ենք տեսնել մարդկանց, ովքեր օրեր են անցնում թաղային բիսետկաներում և ասում են՝ «մի գործ լիներ աշխատեինք»։ Երբ որ գնացել էինք Արարատի մարզ և արտադրողների հետ արտադրական տարածքներ էինք գնացել, ընկերություններն ասում էին, որ միշտ էլ պատրաստ են անսահմանափակ քանակությամբ օրինակ ընդունել ազնվամորի, թութ, մոշ, սինդրիկ, շուշան, անսահմանափակ քանակությամբ, և կան մարդիկ Տավուշի մարզից, Կոտայքի մարզից, Սյունիք մարզից, Լոռու մարզից, որ իրենք այդ մեխանիզմը ստեղծել են աշխատում են և բերում են, եթե շարունակում են դա անել, նշանակում է շահութաբեր է։ Ես չեմ ասում, թե ամեն ինչ պետք է թողենք, գնանք սինդրիկ հավաքելու, ես ասում եմ, որ այո՛ կառավարությունը պարտավորություն ունի քայլեր ձեռնարկելու՝ երկրում քաղաքացիների բարեկեցությունն ապահովելու համար, բայց եթե որևէ ընտանիք ոչինչ չի անում ինքն իր բարեկեցությունն ապահովելու համար, շատ դժվար է հավատալ, որ մի հատ հրեղեն կառավարություն կձևավորվի, որ կգնա էդ մարդկանց ստիպողաբար իրենց բարեկեցությունը կապահովի», - ասաց վարչապետի պաշտոնակատարը։