Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել կառավարության հրաժարականն ընդունելու մասին:
Հրամանագիրը հրապարակված է նախագահի պաշտոնական կայքում:
Այսօր ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր իր հրաժարականի մասին:
«Ինչպես ես ասել էի, այսօր հրաժարական եմ տալիս Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնից»,- նշել էր Փաշինյանը:
Ըստ 2015 թվականին ընդունված Սահմանադրության՝ վարչապետի հրաժարականի դեպքում կառավարության հրաժարականն ընդունվելուց հետո` յոթնօրյա ժամկետում, Ազգային ժողովի խմբակցություններն իրավունք ունեն առաջադրելու վարչապետի թեկնածուներ:
Ազգային ժողովը վարչապետին ընտրում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Վարչապետ չընտրվելու դեպքում, քվեարկությունից յոթ օր հետո, անցկացվում է նոր ընտրություն, որին մասնակցելու իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի առաջադրած վարչապետի թեկնածուները:
Եթե պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վարչապետ չի ընտրվում, ապա խորհրդարանն արձակվում է իրավունքի ուժով: