Փոխվարչապետ Արարատ Միրզոյանն այսօր Ընտրական օրենսգրքի փոփոխությունների շուրջ խորհրդարանում հանդիպումներ է անցկացրել Ազգային ժողովի խմբակցությունների հետ:
Ընտրական օրենսգրքի բարեփոխումների փաթեթի համար ԱԺ խմբակցություններից կողմից եղել են բազմաթիվ առաջարկներ, որոնց մի մասն ընդունվել է, մյուս մասը` ոչ:
Հանրապետականի հետ հանդիպումից հետո ՀՀԿ առանցքային անդամ, պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը դժգոհություն է հայտնել, որ կառավարությունը Ընտրական օրենսգրքի հետ կապված իրենց առաջարկները չի ընդունել:
Սարգսյանն ասել է, թե տպավորություն է ստեղծվում, որ փոփոխությունների այս նախագիծը օրակարգ բերելով Կառավարությունն ընդամենը փորձում է ցույց տալ, որ նախընտրական խոստումը կատարել է, նախագիծը ներկայացրել է, բայց խորհրդարանն այն չի ընդունել:
Իր հերթին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը հակադարձել է․ - «Խմբակցությունների կողմից եղել են բազմաթիվ առաջարկներ, որոնց մի մասն ընդունվել է, մի մասը` ոչ»:
Միրզոյանը նաև տեղեկացրել է, որ ընտրական բարեփոխումները հայեցակարգը, ապա՝ նաև օրենքի նախագիծը ուղարկվել են Վենետիկի հանձնաժողով: Նա նաև հույս է հայտնել, որ խմբակցությունների հետ փոխըմբռնում կլինի:
Կառավարությունը հոկտեմբերի 16-ի արտահերթ նիստում հավանություն տվեց Ընտրական օրենսգրքի բարեփոխումների փաթեթին: Գործադիրն առաջարկում է ԱԺ-ին հոկտեմբերի 22-ին հրավիրել արտահերթ նիստ՝ քննարկելու այդ փաթեթը:
Նիկոլ Փաշինյանը ՀՀ կառավարությունում հրավիրված արտահերթ նիստում առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանին և արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին հանձնարարել էր Ընտրական օրենսգրքի բարեփոխումների շուրջ քննարկումները շարունակել խորհրդարանական խմբակցությունների հետ: