Յուրի Բաշմետը հերթական անգամ հիացրեց հայ երաժշտասերներին

Երեկ երեկոյան Արամ Խաչատրյան համերգասրահում աշխարհահռչակ երաժիշտ Յուրի Բաշմետն իր ղեկավարած «Մոսկվայի մենակատարներ» կամերային նվագախմբով կրկին ցնցեց մեր երաժշտասեր հանրությանը, որը միշտ մեծ սիրով է ընդունում նրան:

Այս անգամ համերգը կրկին «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում էր:

«Փառատոնի 19-րդ համերգաշրջանն է, և հերթական անակնկալներից մեկն է: Յուրի Բաշմետը ոլորակի վրա ամենապոպուլյար մարդկանցից մեկն է, ամենաընդունված, կրետիվ, ստեղծագործ մարդկանցից մեկն է: Իսկ մեզ համար հերթական պատիվ է, որովհետև երկար տարիներ է մեր բարեկամությունը իր հետ: Ամեն մի իր այցը երաժշտական առումով մեծ տոն է․․․ անվերջանալի մարդ է արվեստի մեջ», - համերգից առաջ լրագրողներին ասաց «Երևանյան հեռանկարներ» փառատոնի հիմնադիր Ստեփան Ռոստոմյանը:

Ինչ վերաբերում է Բաշմետի ղեկավարած «Մոսկովյան մենակատարներ» կամերային նվագախմբին, ապա Ստեփան Ռոստոմյանի համոզմամբ․ - «Բոլորը սոլիստ են: Միջազգային բարձր մակարդակի սոլիստներ են բոլոր երաժիշտները»:

Ինչպես միշտ, Յուրի Բաշմետը շատ հետաքրքիր համերգային ծրագիր էր կազմել: Լրագրողների հետ համերգից առաջ տեղի ունեցած ճեպազրույցին նա շեշտեց, որ հայ ունկնդրին առաջին անգամ կներկայացնի Գեորգի Սվիրիդովի չափազանց ուշագրավ գործերից մեկը՝ Կամերային սիմֆոնիան, որը երբեք այստեղ չի հնչել: Առհասարակ այն չի կատարվել մինչև օրս և իր իսկ նախաձեռնությամբ նվագախումբը ձեռնամուխ եղավ կատարելու այս գործը

Հայաստանցի ունկնդրի համար անակնկալ նորույթ էր նաև համերգի ընթացքում հնչած Կուզմա Բոդրովի «Արտացոլանք» ստեղծագործությունը՝ գրված Պագանինիի 24-րդ կապրիսի թեմայով՝ Բեթհովենի, Բրամսի , Չայկովսկու, Պրոկոֆևի և Բերգի ոճով՝ 6 մենակատարների և լարայինների համար:

Համերգային ծրագրի երկրորդ բաժնում հնչեցին միայն Չայկովսկու ստեղծագործությունները:

Լրագրողների հետ զրույցի ընթացքում մաեստրոն շեշտեց, որ սովորաբար համերգային ծրագիրը նվագախմբի անդամների հետ համատեղ են կազմում, բայց իհարկե՝ իր մտահաղացմամբ:

Ասաց, որ անչափ շատ է ճամփորդում՝ հանդես գալով աշխարհի տարբեր բեմահարթակներում: «Հատկապես հիմա գերզբաղված եմ, չափազանց խիտ գրաֆիկով եմ աշխատում: Բավական բարդ ժամանակաշրջան է ինձ համար․ ընդամենը մի քանի օրում մանկապատանեկան նվագախմբի հետ հանդես եկանք նախ Վլադիվաստոկում, ապա Սինգապուրում, Շանհայում, Պեկինում, Սեուլում: Հետո վերադարձա մասնակցելու Դոնի Ռոստովում տեղի ունեցող եռօրյա միջազգային երաժշտական փառատոնին, հետո մեկնեցի Մինսկ, ապա Չելյաբինսկ, հետո Տոկիո, Տոկիոյից էլ ուղիղ ժամանեցի Երևան»:

«Ազատության» հարցին ի պատասխան, թե երբ է ժամանակ գտնում հանգստանալու, կատակեց՝ «երբեք, կամ էլ երբեմն ինքնաթիռներում»․ - «Շատ ուրախ եմ, որ կրկին Երևանում եմ, որտեղ շատ ընկերներ ու բարեկամներ ունեմ: Նաև թոռնիկս կիսով չափ հայ է․ հայրը հայ է, թոռնիկիս անուն էլ Հրանտ է: Հրաշալի ջութակ է նվագում և ֆուտբոլ խաղում»:

Հարցին, թե արդյոք գիտեր, որ Հայաստանում հեղափոխություն է տեղի ունեցել, պատասխանեց, որ հեռուստացույցով է այդ մասին լսել և հույս հայտնեց, որ լուրջ բարեփոխումներ տեղի կունենան մեր երկրում:

Իսկ հարցին, թե ինչի մասին է երազում, Յուրի Բաշմետը պատասխանեց․ - «Աստված իմ․․․ որ այս ամենն անվերջ շարունակվի՝ համերգները, հյուրախաղերը, և որ դուք ինձ միշտ սպասեք»: