ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովը կանցկացվի Մոսկվայում Երևանի փոխարեն

ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի նիստը Երևանից կտեղափոխվի Մոսկվա: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ, այս մասին հայտարարել է Պետդումայի ԱՊՀ, Եվրասիական ինտեգրացիայի և հայրենակիցների հետ կապերի հարցերով հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Կալաշնիկովը:

Նրա խոսքով, այս որոշումը պայմանավորված է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնարավոր հրաժարականով:

«Ըստ ամենայնի, Հայաստանի խորհրդարանն այդ ժամանակ կլուծարվի, այդ անկայուն վիճակը կարող է ստեղծվել հոկտեմբերի վերջին: Եթե իրավիճակը մեր պատկերացրած սցենարով զարգանա, մենք ո՞ւմ հետ ենք Խորհրդարանական վեհաժողով անցկացնելու: Պաշտոնակատարների՞: Դա սխալ է և անտրամաբանական», - մեկնաբանել է Կալաշնիկովը՝ կարծիք հայտնելով, որ ՀԱՊԿ ԽՎ-ն «կարելի է հանգիստ անցկացնել Մոսկվայում»: - «Իսկ երբ Հայաստանում ամեն ինչ հունի մեջ կընկնի, մենք կաշխատենք գործող պատգամավորների և գործող վարչապետի հետ», - հավելել է նա:

Սեպտեմբերին Կալաշնիկովը հայտարարել էր, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մտադիր է ելույթ ունենալ Երևանում անցկացվելիք ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովին:

«Փաշինյանի ելույթը կարող է հետաքրքիր լինել, հաշվի առնելով թե ինչ երկիմաստ հայտարարություններ է անում Փաշինյանը Եվրասիական ինտեգրացիայի և ՀԱՊԿ-ի մասին: Թող ելույթ ունենա մենք էլ լսենք»,- ասել էր Կալաշնիկովը:

Ռուսաստանի Պետդումայի ԱՊՀ և Եվրասիական ինտեգրացիոն հանձնաժողովի ղեկավարը Բաքվում հայտարարել էր, որ ինքն անձամբ կողմ է, որպեսզի Ադրբեջանն անդամակցի ՀԱՊԿ-ին, սակայն ՀԱՊԿ գործող կանոնադրությունը դա թույլ չի տալիս՝ Հայաստանը դեմ կլինի: Պետք է փոխել կանոնադրությունը: Մինչև տարվա վերջ պետք է որոշվի ՀԱՊԿ-ի գործող գլխավոր քարտուղարի ճակատագիրը:

Հայաստանը ներկայացնող Յուրի Խաչատուրովի դեմ Հայաստանում քրեական գործ է հարուցվել «Մարտի 1»-ի գործով, ինչն առաջացրել էր Մոսկվայի և ոչ միայն Մոսկվայի դժգոհությունը: Մինչ օրս ռուսական մամուլը հիշում է Խաչատուրովի հետ կապված գործը և պարբերաբար գրում, որ Հայաստանի իշխանությունները մեծ հարված են հասցրել ՀԱՊԿ-ի հեղինակությանը:

Հայաստանի իշխանությունները հայտարարում են, որ Խաչատուրովին, ով Մոսկվա էվերադարձել օգոստոսին և շարունակում է կատարել ՀԱՊԿ քարտուղարի իր պարտականությունները, պետք է փոխարինի Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ:

Այլ հարց է, որ թե՛ Ռուսաստանի, թե՛ ՀԱՊԿ անդամ մյուս երկրների դիրքորոշումն այս հարցում դեռ հայտնի չէ:

ՀԱՊԿ-ին անդամակցում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Տաջիկստանը և Ռուսաստանը: