Փոմփեոն անհետացած լրագրողի հարցը քննարկում է Էր-Ռիադում

ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոյին Էր-Ռիադի օդակայանում դիմավորել է Սաուդյան Արաբիայի արտգործնախարար Ադել ալ-Ջուբեիրը, 16-ը հոկտեմբերի, 2018թ.

Սաուդցիները գուցե կխոստովանեն, որ քննիչները սպանել են լրագրողին:

Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Փոմփեոն ժամանել է Սաուդյան Արաբիա, որտեղ թագավոր Սալմանի հետ քննարկելու է Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանի շենքում ընդդիմադիր լրագրող Ջամալ Հաշոգիի անհետացման հարցը:

Նախագահ Դոնալդ Թրամփը երեկ ասել է, թե իր հետ հեռախոսազրույցում թագավոր Սալմանը պնդել է, որ որևէ տեղեկություն չունի լրագրողի ճակատագրի մասին:

Թուրքիայի իրավապահներն այսօր վաղ առավոտյան զննություն են իրականացրել հյուպատոսարանի տարածքում: Փոմփեոն կմեկնի նաև Թուրքիա:

Հաշոգին անհետացել է երկու շաբաթ առաջ: Թուրք իրավապահների պնդմամբ, նրան հյուպատոսարանի տարածքում հարցաքննել, խոշտանգել և սպանել են, ինչից հետո դին մասնատել են: Սաուդյան Արաբիան հերքում է մեղադրանքը:

Թրամը հայտարարել է, թե Սաուդյան Արաբիան խստորեն կպատժվի, եթե պարզվի, որ առնչություն ունի լրագրողի անհետացման հետ:

Դեռևս չհաստատված տեղեկությունների համաձայն, Սաուդյան Արաբիան կարող է առաջիկայում խոստովանել, որ քննիչները հյուպատոսարանի տարածքում իսկապես հարցաքննել են լրագրողին և՝ չարաշահելով լիազորությունները, սպանել են նրան:

Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան և մի շարք այլ երկրներ հայտարարել են, որ ուշադրությամբ հետևում են զարգացումներին և Սաուդյան Արաբիայից բացատրություններ են պահանջում:

Արևմտյան մի շարք ընկերությունների ղեկավարներ հրաժարվել են մասնակցել Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիադում հաջորդ շաբաթ նախատեսված ներդրումային խորհրդաժողովին:

Հաշոգիի անհետացման հետ կապված սկանդալի հետևանքով Սաուդյան Արաբիայի բորսայում արժեթղթերի գներն անկում են գրանցել: