Մայք Փոմփեոն կզբաղվի սաուդցի լրագրողի անհետացման հարցով

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն ու ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն Վաշինգտոնում, արխիվ

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը պետական քարտուղար Մայք Փոմփեոյին երեկ կարգադրել է անհապաղ մեկնել Սաուդյան Արաբիա և տեղեկություններ ստանալ լրագրող Ջամալ Հաշոգիի առեղծվածային անհետացման մասին:

Թրամփի փոխանցմամբ, պետքարտուղարն անհրաժեշտության դեպքում կմեկնի նաև այլ երկրներ, մասնավորապես, Թուրքիա, որտեղ անհետացել է լրագրողը:

ԱՄՆ և Սաուդյան Արաբիան տարածաշրջանում դաշնակիցներ են, և, մի կողմից, Վաշինգտոնին խիստ անհրաժեշտ է այդ երկրի հետ սերտ կապերի պահպանումը, մյուս կողմից, Սպիտակ տունը չի կարող անտեսել քննադատության հսկայական ալիքը, որն ամբողջ աշխարհում բարձրացել է լրագրողի անհետանալուց հետո:

Մի շարք պետություններ հրաժարվել են մասնակցել Սաուդյան Արաբիայում կայանալիք միջազգային հավաքներին:

Սաուդյան Արաբիայի հպատակ լրագրող Հաշոգին վերջին շրջանում խստորեն քննադատել է թագավոր Սալմանին և թագաժառանգ ու պաշտպանության նախարար Մոհամադ բին Սալմանին:

Իր հրապարակումներում Հաշոգին նաև դատապարտել է Սաուդյան Արաբիայի միջամտությունը Եմենի հակամարտությանը:

Հաշոգին անցյալ տարվա սեպտեմբերին փախուստի է դիմել Սաուդյան Արաբիայից և ապաստանել է ԱՄՆ-ում, հաճախ մեկնել է Թուրքիա և թղթակցել է արաբական և արևմտյան լրատվամիջոցներին:

Նա համարվել է խիստ պահպանողական իսլամական օրենքներով կառավարվող Սաուդյան Արաբիայի թագավորությունում փոքրիշատե առաջադիմական և նույնիսկ ընդդիմադիր հայացքներ արտահայտող շրջանակների ներկայացուցիչը:

Այս տարվա հոկտեմբերի 2-ին նա մուտք է գործել Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարան և դրանից հետո համարվում է անհետ կորած:

Թուրքիայի իրավապահների համոզմամբ, լրագրողին հյուպատոսարանում հարցաքննել, խոշտանգել և սպանել են: Սաուդյան Արաբիան հավաստիացնում է, որ նման բան տեղի չի ունեցել:

Մինչդեռ, ըստ թուրքերի, Հաշոգին՝ ենթադրելով, որ հյուպատոսարանում իր հետ կարող է մի վատ բան պատահել, միացրել է Apple ժամացույցի ձայնագրիչը և ձայնային և տեսաինֆորմացիան փոխանցել հիշողության արտաքին կրիչին:

Դրա վերլուծությունն էլ թուրքերին տվել է լրագրողի սպանության մեջ սաուդցիներին մեղադրելու առիթ:

Թրամփը հայտարարել է, թե Սաուդյան Արաբիան «խստագույնս կպատժվի, եթե պարզվի, որ ղեկավարությունն առնչություն ունի թագաժառանգին քննադատող լրագրողի առևանգման և հավանական սպանության հետ»:

Սաուդյան Արաբիան հայտարարել է, թե պատասխան քայլեր կձեռնարկի պատժամիջոցների ենթարկվելու դեպքում:

Թրամփը երեկ ասել է, որ իր հետ զրույցում Սաուդյան Արաբիայի թագավորը կտրականապես հերքել է լրագրողի սպանության սաուդցիներին վերագրվող վարկածը:

ԱՄՆ նախագահի փոխանցմամբ, թագավորը նաև ակնարկել է, թե լրագրողին «գուցե առևանգել են ինչ-որ երրորդ ուժեր»: