Մահաբեր փամփուշտները զարդեր են դառնում Գյումրեցի 36-ամյա Արտակի ձեռքին։ Հարյուրավոր արձակված ու դեռևս մեկնարկի սպասող ռազմամթերքն Արտակի արվեստանոցում փոխում է իր նշանակությունը։
Որսորդական հրացանից, անգամ տանկից արձակված պարկուճներն այստեղ ոչ թե մահվան, այլ խաղաղության խորհրդանիշ են։
Արտակի խաղաղության ուղերձին միացել են բազմաթիվ մարդիկ, նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկինը՝ Աննա Հակոբյանը, ով իր նախաձեռնած խաղաղության արշավի խորհրդանիշ է դարձրել փամփուշտից պատրաստված այս զարդերը։
«Ես երկուս ու կես տարի մենակ էի անում այդ խաղաղության կոչը: Բայց այսօր տեսնում եմ, որ ինքն ավելի ռեալ է, ավելի հստակ է: Յուրաքանչյուր մարդ, ով որ կկրի իմ գործերս, ինքը կդառնա հենց իմ ուղերձիս կրողը: Ինչքան շատ մարդիկ կրեն իմ աշխատանքները, այդքան լուսավոր կդառնա մեր երկիրը», - ասաց Արտակը:
Արտակի արվեստի գործերը ցուցադրվել են աշխարհի տարբեր կետերում, պատվոգրերի ու գովեստի արժանացել, բայց նշում է, թե իր համար սրանով ընտանիք պահելուց վեր ավելի մեծ արժեք կա՝ ազատությունն է։ Իր զարդերով փորձում է դա ցույց տալ․ - «Շատ կարևոր է, երբ դու անկեղծ ես քո հետ: Իմ աշխատանքները մաքսիմում մինիմալիզմի են հասցված․ անկեղծ են, պարզ են»:
Արտակը թեև կասկածներ ունի, թե գերհզոր երկրները կնահանջեն պատերազմելու, դիրքեր գրավելու իրենց մտադրությունից, բայց վստահ է՝ Հայաստանը, որ նույնպես տասնամյակներ շարունակ հակամարտության մեջ է, այս տարի տեղի ունեցած հեղափոխությամբ վաստակել է աշխարհին խաղաղության ուղերձ անելու իրավունքը․ - «Եթե խաղաղության, համերաշխության ու հանդուրժողականության ձևաչափով մենք հասանք հաղթանակի, էս դեպքում մենք կարող ենք վստահ լինել, որ մենք ուժեղ ենք, վստահ ենք մեր ուժերի վրա ու կարող ենք էդ խաղաղությունը հղել տարբեր պատերազմող երկրների, միևնույն ժամանակ՝ մեզ թշնամի հանդիսացող երկրներին»:
Արտակի կինը՝ Հայարփի Գևորգյանն ասում է, որ իրենց վեց հոգանոց ընտանիքը չի դադարի խաղաղության հորդորն այնքան ժամանակ, քանի դեռ աշխարհում զենքերը չեն լռում ու բոլոր փամփուշտները զարդեր չեն դառնում․ - «Խաղաղությունը ոնց որ մեր ընտանիքի սիմվոլը լինի: Էս հարկի տակ ապրում են երեք սերունդ՝ ու շատ համերաշտ ու սիրով»: