Թրամփ. «Պուտինը, երևի, առնչություն ունի մահափորձերին»

ԱՄՆ նապագահ Դոնալդ Թրամփը, արխիվ:

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը CBS հեռուստակայանին տված հարցազրույցում անդրադառնալով Բրիտանիայում ռուսաստանցի նախկին լրտեսին և Կրեմլի ընդդիմախոսներին ռուսական հատուկ ծառայությունների միջոցով չեզոքացնելու գործողություններին՝ ընդունել է, որ նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է առնչություն ունենալ մահափորձերին:

«Այո, հավանաբար, նկատի ունեմ՝ գուցե: Ես վստահում եմ բրիտանացիների տվյալներին», - ասել է Թրամփը՝ հավելելով, որ այդ միջադեպերը իր երկրում չեն պատահել:

ԱՄՆ նախագահը, սակայն, չի հստակեցրել, թե կոնկրետ որ անցանկալի մարդկանց վերացնելու նպատակ կարող էր հետապնդել ռուսաստանցի պաշտոնակիցը:

Անցած տասնամյակի ընթացքում Բրիտանիայում կասկածելի հանգամանքներում մահացել են Ռուսաստանից տեղափոխված գործիչներ:

2006 թվականի նոյեմբերի 23-ին Լոնդոնում մահացել է Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության նախկին գործակալ Ալեքսանդր Լիտվինենկոն:

Ըստ քննիչների, նրան նոյեմբերի 1-ին թունավորել են չափազանց վտանգավոր ճառագայթող նյութով՝ պոլոնիումով:

Ենթադրվում է, որ նրան թունավորելու անմիջական գործողությունը կատարել է գաղտնի ծառայությունների նախկին գործակալ Անդրեյ Լուգովոյը, ով հետագայում անդամակցել է Վլադիմիր Ժիրինովսկու առաջնորդած Լիբերալ-դեմոկրատական կուսակցությանը և ընտրվել է Պետական դումայի պատգամավոր: Նա, բնականաբար, հերքում է մեղադրանքը:

2013 թվականի մարտի 23-ին Բերքշիր կոմսության Ասքոթ ավանում սեփական առանձնատանը մահացել է երբեմնի մեծահարուստ և Ռուսաստանում հատկապես Բորիս Ելցինի նախագահության օրոք շատ ազդեցիկ քաղաքական գործիչ համարվող Բորիս Բերեզովսկին:

Ենթադրաբար, նա ինքնասպան է եղել: Ըստ մտերիմների, նա կյանքի վերջին ամիսներին ծանր ընկճախտի մեջ էր, և դա այս կամ այն եղանակով կապված էր հայրենիքից հեռանալու և Կրեմլի հետ թշնամանալու հետ:

Այս տարվա մարտի 12-ին Լոնդոնի Նյու Մալդեն թաղամասում մահացել է Բերեզովսկու նախկին զինակից, գործարար Նիկոլայ Գլուշկովը: Բայց ընթացիկ տարվա առավել սկանդալային գործը՝ ռուսաստանցի նախկին լրտես Սերգհեյ Սկրիպալի և նրա դստեր՝ Յուլիայի թունավորումն է:

Մարտի 4-ին Սոլսբերիում նրանց հայտնաբերել են անգիտակից վիճակում: Հետագայում բրիտանացիները պարզել են, որ Սկրիպալներին թունավորել են խորհրդային տարիներին բանակի համար ստեղծված քիմիական զենքով՝ «Նովիչոկ» տեսակի նյարդապարալիտիկ նյութով:

Սկրիպալները երկար ժամանակ բուժում են ստացել հիվանդանոցում և այսօրվա դրությամբ, ըստ բժիշկների, կազդուրվել են: Արևմուտքը, ի պատասխան այդ թունավորման, սահմանել է նոր պատժամիջոցներ ռուսների նկատմամբ:

Մինչդեռ հունիսի 30-ին Էյմսբերիում, որը բավական մոտ է Սոլսբերիին, Չարլի Ռոուլին աղբամանում գտել է «Նինա Ռիչի» օծանելիքի սրվակ և այն նվիրել է ընկերուհուն՝ Դաուն Սթարջեսին:

Երկուսն էլ, ըստ բրիտանական մամուլի, սոցիալապես ծանր վիճակում ապրող մարդիկ են: Համոզված լինելով, որ սրվակում հայտնի ընկերության արտադրած օծանելիքն է՝ կինն այն օգտագործել է, և քիչ ժամանակ անց երկուսի առողջական վիճակը կտրուկ վատթարացել է:

Հուլիսի 9-ին երեք երեխաների մայր Սթարջեսը մահացել է, Ռոուլիին մի կերպ փրկել են: Բրիտանացիները պարզել են, որ սրվակում չարաբաստիկ «Նովիչոկն» էր:

Լոնդոնն այդ միջադեպերի համար միանշանակ դատապարտել է Մոսկվային և սպառնացել է շատ կոշտ արձագանքով:

Լոնդոնը պնդել է, որ մահափորձը կատարել են ГРУ-ի՝ Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզական վարչության սպաներ Ալեքսանդր Պետրովն ու Ռուսլան Բոշիրովն, ովքեր, ըստ բրիտանական հետախուզության, հավանաբար, ունեն ուրիշ անուն-ազգանուններ:

Կրեմլը, իր հերթին, կտրականապես հերքել է մեղադրանքը: Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 12-ին Վլադիվոստոկում գումարված տնտեսական համաժողովում ի լուր աշխարհի հայտարարել է, թե իշխանությունները հայտնաբերել են այդ մարդկանց, նրանք, իբր, շարքային քաղաքացիներ են, կապ չունեն հատուկ ծառայությունների հետ ու առաջիկայում կներկայանան հանրությանը:

Նրանք Russia Today հեռուստակայանի ղեկավար Մարգարիտա Սիմոնյանին հարցազրույց են տվել, ինչից հետո փորձագետները, վերլուծելով պատասխաններում առկա հակասություններն ու վրիպակները, ստուգելով անձնագրային տվյալները, հայտարարել են, թե «Պետրով» և «Բոշիրով» ներկայացած մարդկանց իրական անուն-անուններն են Ալեքսանդր Միշկին և Անատոլի Չեպիգա, երկուսն էլ ГРУ-ի գործակալներ:

Ավելին, ըստ վերլուծաբանների, Սկրիպալների մահափորձի հետ կապ ունի առնվազն ևս մեկ ռուսաստանցի՝ ոմն Սերգեյ Ֆեդոտով, ով թունավորման օրը վերադարձել է Ռուսաստան:

Մոսկվան այդ բոլոր պնդումներն անվանում է «Արևմուտքում ծավալված լրտեսամոլություն»: