«Մեր եկեղեցու անկախության հարցը շատ ավելի մեծ նշանակություն ունի»․ Պորոշենկո

Ուկրաինայի նախագահը հայտարարել է, թե Կիևի ուղղափառ եկեղեցին երբեք չի եղել և չի լինի Ռուսական եկեղեցու ենթակայության տակ:

«Կոնստանդնուպոլսի պատրիարքարանը ապօրինի է հռչակել Կիևի թեմը բռնակցելու՝ Մոսկվայի որոշումը, որ կայացվել էր դեռ 17-րդ դարում: Դրանով հստակ և միանշանակ ամրագրվում է, որ Ռուս Ուղղափառ եկեղեցին որևէ իրավասություն չունի Ուկրաինայի Ուղղափառ եկեղեցու նկատմամբ», - հայտարարել է Պետրո Պորոշենկոն:

Վերջինս պնդել է, թե այս հարցը վերաբերում է ոչ միայն հոգևոր աշխարհին, այլև Ուկրաինայի ազգային անվտանգությանը: - «Մեր եկեղեցու անկախության հարցը շատ ավելի մեծ նշանակություն ունի. այն մեր պետականությանն է վերաբերում և համաշխարհային քաղաքականությանը», - ասել է Ուկրաինայի նախագահը՝ եկեղեցու ինքնիշխանությունը համեմատելով Կիևի՝ ՆԱՏՕ-ին և Եվրամիությանը անդամակցելու որոշման հետ:

Ավելի վաղ՝ շաբաթվա սկզբին, Կոստանդնուպոլսի ուղղափառ եկեղեցու Սինոդը, ընդառաջելով Կիևի խնդրանքին, չեղարկել է 1686 թվականի որոշումը, որով Կիևի թեմը հանձնվել էր Մոսկվայի պատրիարքությանը, ինչը կոշտ քննադատության է արժանացել Ռուսաստանի հոգևոր ու քաղաքական գործիչների կողմից:

Նախօրեին հարցը քննարկվել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդում, արտգործնախարար Սերգեյ Լավրովը պնդել է, թե ուկրաինական եկեղեցուն անկախություն շնորհելու նախաձեռնությունը սադրանք է, որը հովանավորվում է Միացյալ Նահանգների կողմից: