ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է խստորեն պատժել Սաուդյան Արաբիային, եթե պարզվի, որ ավելի քան տասն օր առաջ անհետացած սաուդցի լրագրող Ջամալ Հաշոգին սպանվել է Ստամբուլում՝ իր երկրի հյուպատոսարանի տարածքում։
Սաուդյան Արաբիայի իշխանությունների կոշտ քննադատ, Washington Post-ի լրագրող Հաշոգիին վերջին անգամ տեսել են հոկտեմբերի 2-ին։ Պաշտոնական Անկարան պնդում է, թե տեսանյութեր և ապացույցներ ունի, որ լրագրողին սպանել են Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանում։ Էր Ռիյադը հերքում է այդ մեղադրանքները՝ պնդելով, թե Հաշոգին հեռացել է հյուպատոսարանից, թեև ապացույցներ մինչ այժմ չեն հրապարակվել:
«Մենք պատրաստվում ենք ամեն ինչ հիմնավոր քննության ենթարկել, և եթե պարզվի, որ այդ լուրերը ճիշտ են, նրանց սպասում է կոշտ պատիժ», - ասել է Սպիտակ տան ղեկավարը CBS հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:
Դոնալդ Թրամփի այս հայտարարություններից հետո Սաուդյան Արաբիայի արժեթղթերի շուկայում անկում է արձանագրվել: