ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի մրցաշարի երրորդ տուրում Հայաստանի հավաքականը սեփական հարկի տակ 0:1 հաշվով պարտություն կրեց Ջիբրալթարի հավաքականից:
Երևանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում շաբաթ երեկոյան կայացած հանդիպման միակ գնդակը 50-րդ րոպեին խփեց Ջոզեֆ Չիպոլինան՝ 11-մետրանոցից:
Սա Հայաստանի հավաքականի առաջին խաղն էր նոր գլխավոր մարզչի՝ Արմեն Գյուբուդաղյանցի ղեկավարությամբ և երկրորդ անընդմեջ պարտությունը Ազգերի լիգայի մրցաշարում: Հանդիպմանը մասնակցում էր նաև տարիների ընդմիջումից հետո վերստին ազգային հավաքական հրավիրված թիմի նախկին ավագ, հարձակվող Յուրա Մովսիսյանը:
Սեպտեմբերի 22-ին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նոր նախագահ է ընտրվել Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը՝ այդ պաշտոնում փոխարինելով Ռուբեն Հայրապետյանին:
ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ, Ջիբրալթարի հավաքականը առաջին հաղթանակը տոնեց մրցաշարային խաղում՝ կազմակերպությանն անդամակցելուց հետո կրած 22 անընդմեջ պարտությունից հետո:
Հայաստանը այժմ 3 միավորով երրորդ հորիզոնականն է զբաղեցնում D լիգայի 4-րդ խմբի մրցաշարային աղյուսակում:
Մրցաշարի հաջորդ հանդիպումը ևս Հայաստանի հավաքականը կանցկացնի սեփական հարկի տակ՝ հոկտեմբերի 16-ին ընդունելով խմբի առաջատար Մակեդոնիայի թիմին, որը երեք հանդիպումներում վաստակել է առավելագույն՝ 9 միավոր: