Շուշանիկ Թամրազյան․ «Ֆրանսերեն լեզուն ինձ համար առաջին հերթին գրականությունն է»

Թարգմանչուհի Շուշանիկ Թամրազյան, արխիվ

Երիտասարդ թարգմանչուհի Շուշանիկ Թամրազյանը մեր գրական դաշտում «ուրախալի շարժ» է նկատում՝ այն, որ ֆրանսիական ժամանակակից և մինչև իսկ նորագույն գրականությունը այսօր ներկայացված է հայ ընթերցողին:

«Այնպես է ստացվել, որ ես արդեն ավելի քան 20 տարի զբաղվում եմ ֆրանսիական գրականության թարգմանությամբ՝ և՛ դասականների եմ թարգմանում, և՛ ժամանակակից հեղինակներին: Ի դեպ, Ֆրանսիայում իմ ուսումնառության հիմնական նպատակը հենց ֆրանսիական ժամանակակից և նորագույն գրականությունը ավելի խորապես ճանաչելը և ուսումնասիրելն էր», - «Ազատության» հետ զրույցում ասաց թարգմանչուհին:

«Հրատարակչությունները կարծես ավելի ու ավելի միտված են ժամանակակից հեղինակների թարգմանելու և ներկայացնելու: Եվ ունենք բարձրորակ թարգմանիչներ, իսկապես, թե՛ ավագ սերնդի, թե՛ երիտասարդ, որոնք այդ գործը լավագույնս ստանձնել են և կատարում են», - նշեց Շուշանիկ Թամրազյանը:

Հարցին, թե ինչքանո՞վ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը կարող է նպաստավոր լինել ֆրանսիական գրականության է՛լ ավելի մերձեցմանը մեր հանրությանը, թարգմանչուհին պատասխանեց, որ նման միջացառումները, առաջին հերթին, քաղաքական հնչեղություն ունեն, «բայց կարծես թե մշակույթը, մի տեսակ, միջանցքում է, և այդ միջանցքը, արի ու տես, որ կենսական նշանակություն կարող է ունենալ, որովհետև ոչ միայն, էսպես, հաճելի, մի քանի միջոցառման տեսքով ներկայացվում են նաև ֆրանս-հայկական առնչությունները և մշակութային կապերը, իսկ ֆրանսերեն լեզուն ինձ համար առաջին հերթին գրականությունն է»: «Այդ միջակայքը ինձ համար թթվածնի պես կարևոր որակ է՝ ոչ միայն որպես ֆրանսերենի մասնագետ, այլ որպես մտածող և ստեղծագործող մարդ: Կարծում եմ, որ մեր մշակույթի կարևորագույն տարրերից մեկն է եղել, մի կողմից, շատ ինքնատիպ և արվեստ ստեղծելը՝ ինքնատիպ և միեղեն, իսկապես ամբողջական միեղեն, մյուս կողմից, ամենավաղնջական դեռ ժամանակաշրջանից, հայ մշակույթը աչքի է ընկել այդ անհրաժեշտության գիտակցությամբ՝ օտարի հետ շփվելու», - ասաց Շուշանիկ Թամրազյանը:

Ըստ թարգմանչուհու՝ նման իրադարձությունները տրամաբանորեն պետք է հանգեցնեին է՛լ ավելի սերտ կապերի, է՛լ ավելի ազատ և անմիջական ու ավելի առարկայական արդյունքների՝ «օրինակ, ասենք, ֆրանսիական գրախանութ Երևանում, հարթակներ, որոնք կընդունեին բոլոր ֆրանսերեն լեզվի և գրականության սիրահարներին, մասնագետներին, ավելի հնարավոր կդարձնեին կապը ընթերցողի, թարգմանչի, հեղինակի»:

Որպեսզի ընթերցողը գնի և կարդա գրքերը, պետք է նախ թարգմանել լավ հեղինակների, պետք է շատ լուրջ քննադատական մոտեցում, վերլուծական աշխատանք, որտեղ առաջնահերթ կհամարվի գեղարվեստական արժեքը, ընդգծեց Շուշանիկ Թամրազյանը: