ԱԺ-ն լուծարելու լուծումներ կան Սահմանադրության մեջ, պարզապես պետք է դրանցով առաջնորդվել․ Գագիկ Հարությունյան

Ազգային ժողովը լուծարելու համար «լուծումներ կան Սահմանադրության մեջ, պարզապես պետք է այդ լուծումներով առաջնորդվել»: Շաբաթ օրը լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը:

«Սահմանադրությունը ունի 89-րդ հոդված, որտեղ առաջին նախադասությամբ ասվում է, որ Ազգային ժողովը ընտրվում է համամասնական կարգով, երկրորդ նախադասությունը ասում է, որ պետք է Ընտրական օրենսգրքով ապահովել Ազգային ժողովում կայուն մեծամասնություն: Սա խորհրդարանական կառավարման առանցքային լուծումներից մեկն է՝ կայուն մեծամասնության երաշխավորումը», - ասաց Հարությունյանը՝ շարունակելով․ - «Եվ եթե ուշադիր ընթերցեք այդ հոդվածը, կա նաև երկրորդ մասը՝ եթե ընտրության արդյունքում կայուն մեծամասնություն չի ձևավորվում, ապա երկրորդ փուլ է տեղի ունենում, իսկ եթե երկրորդ փուլում կայուն մեծամասնություն չձևավորվեց, բնականաբար, պետք է նոր ընտրություններ լինեն: Խնդիրը կայանում է այստեղ, որ ընտրություններից հետո կար կայուն մեծամասնություն, իսկ կայուն մեծամասնությունը, ըստ Ընտրական օրենսգրքի, եթե 40 տոկոսից ավելի որևէ կուսակցություն կամ դաշինք ձայն է հավաքել և եթե դա չի հասնում 54 տոկոսի, բոնուսներով ավելացվում է 50 տոկոս, և 50 տոկոսը, 54 տոկոսը համարվում է կայուն խորհրդարանական մեծամասնություն»:

Ըստ Գագիկ Հարությունյանի, խնդրի արմատը կայուն խորհրդարանական մեծամասնության փլուզման դեպքում օրենսդրության մեջ հակասական մոտեցումների մեջ է, որովհետև խորհրդարանական խմբակցությունների և կոալիցիայի ձևավորումը ըստ Սահմանադրության վերապահվում է Ընտրական օրենսգրքին․ - «Ընտրական օրենսգիրքը դրա համար սահմանել է որոշակի մեխանիզմ՝ վեցօրյա ժամկետում ընտրությունից հետո կարող են նաև կոալիցիաներ ձևավորվել, որոնք կունենան կայուն մեծամասնություն և կձևավորեն կառավարություն: Ի տարբերություն այս կարգավորման սահմանադրական, Ազգային ժողովի կանոնակարգ օրենքը նախատեսել է կոալիցիայի ձևավորման նաև այլ ընթացակարգ, չնայած Սահմանադրությունը նման հղում չի արել, որ ցանկացած խմբակցություն կարող է դուրս գալ դաշինքից, միանալ այլ խմբակցության հետ և ձևավորել խորհրդարանական մեծամասնություն»:

Բարձրագույն դատական խորհրդի նախագահը նշեց՝ փաստը այսօր այն է, որ խորհրդարանում կայուն խորհրդարանական մեծամասնություն գոյություն չունի, այդ խնդիրը պետք է հաղթահարվի, և իր խորին համոզմամբ՝ այն կարող է հաղթահարվել ոչ միայն Սահմանադրության 149-րդ և 151-րդ հոդվածների հիմքով Ազգային ժողովը իրավունքի ուժով լուծարվելու արդյունքում, «այլև 92-րդ հոդվածում լրացում կատարելով հենց խորհրդարանի կողմից, որտեղ ասվում է՝ «92 հոդվածը տալիս է այն հիմքերը, երբ Ազգային ժողովը իրավունքի ուժով արձակվում է»: «Էնտեղ ասվում է՝ կա՛մ 149-րդ հոդվածով նախատեսված, կա՛մ 151-րդ հոդվածով նախատեսված դեպքերում, ես կավելացնեի էնտեղ՝ ինչպես նաև խորհրդարանական կայուն մեծամասնության բացակայության դեպքում, որովհետև խորհրդարանական կայուն մեծամասնության բացակայությունը ստեղծում է ինստիտուցիոնալ լուրջ խնդիրներ՝ Ազգային ժողով-կառավարություն հարաբերություններ, Ազգային ժողով-այլ ինստիտուտներ հարաբերություններ, Ազգային ժողովի ներքին կառուցվածքն է խաթարվում, և այլն», - ասաց Գագիկ Հարությունյանը:

Նա ավելացրեց, որ եթե Ազգային ժողովն առաջնորդվեր իսկապես Սահմանադրության տրամաբանությամբ և կայուն խորհրդարանական մեծամասնություն ապահովելու անհրաժեշտությամբ, «կարող էր հավաքվել և 92 հոդվածում փոփոխություն կատարել, քանի որ այդ հոդվածի փոփոխությունը հանրաքվեո՛վ նախատեսված չէ, բայց շատ հետաքրքիր լուծում է տրված, որ Ազգային ժողովը կարող է փոփոխությունը կատարել, ընդ որում՝ դիմող սուբյեկտները կարող են լինել ինչպես կառավարությունը, այնպես էլ նույնիսկ 150 հազար ստորագրություն հավաքած քաղաքացիները»: «Ընդ որում, եթե Ազգային ժողովը երկու երրորդով փոփոխությունը չի կատարում քաղաքացիների դիմումի հիման վրա, այս պարագայում երեք հինգերորդով կարող է դրվել հանրաքվեի», - ասաց Բարձրագույն դատական խորհրդի նախագահը:

Սահմանադրության 149-րդ և 151-րդ հոդվածներով սահմանված են, մասնավորապես, Ազգային ժողովի լուծարման մեխանիզմները վարչապետի հրաժարականի և կառավարության ծրագրին խորհրդարանի հավանություն չտալու դեպքերում:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը օրերս France 24-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները, ըստ նախնական հաշվարկների, կանցկացվեն դեկտեմբերի սկզբին, ինչի համար «մինչև հոկտեմբերի 16-ն ընկած ժամանակահատվածում» ինքը պետք է հրաժարական տա: