Ռուսաստանի ուղղափառ եկեղեցին պատրաստ է խզել միջեկեղեցական հաղորդակցությունը Կոստանդնուպոլսի ուղղափառ եկեղեցու հետ, «Ռոսիա» հեռուստաընկերության եթերում հայտարարել է ռուսական եկեղեցու արտաքին հարաբերությունների ղեկավար, միտրոպոլիտ Իլարիոնը:
Կողմերի միջև լուրջ հակասություններ են ի հայտ եկել, երբ երկու օր առաջ Կոստանդնուպոլսի ուղղափառ եկեղեցու Սինոդը, ընդառաջելով Կիևի խնդրանքին, չեղարկել է 1686 թվականի որոշումը, որով Կիևի թեմը հանձնվել էր Մոսկվայի պատրիարքությանը: Հաջորդ քայլով Կոստանդնուպոլսի ուղղափառ եկեղեցին կարող է անկախություն տալ Ուկրաինայի ուղղափառ եկեղեցուն, ինչը կոշտ քննադատության է արժանանում Ռուսաստանի հոգևոր ու քաղաքական գործիչների կողմից:
Երեկ այս հարցը քննարկվել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդում, արտգործնախարար Սերգեյ Լավրովը պնդել է, թե ուկրաինական եկեղեցուն անկախություն շնորհելու նախաձեռնությունը սադրանք է, որը հովանավորվում է Միացյալ Նահանգների կողմից: