Ավարտվեց Երևանում անցկացվող Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովը։ Ընդունվել է «Երևանի հայտարարություն» անվանումով տեքստը, որի բովանդակությունը դեռ չի հրապարակվում, միայն հայտնի է, որ այնտեղ անդրադարձ կա նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը։
Հիշեցնենք՝ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը նախորդ տարիներին ևս անդրադարձել է ղարաբաղյան հակամարտությանն՝ ընդգծելով, որ կոնֆլիկտը պետք է լուծվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերով։
Այս գագաթնաժողովի արդյունքներով Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար ընտրվեց Ռուանդայի արտաքին գործերի նախարար Լուիզ Մյուշիկիվաբոն, ինչպես նաև որոշվեց, որ հաջորդ գագաթնաժողովը կանցկացվի Թունիսում՝ երկու տարի անց։
Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնն ավարտեց իր այցն ու մարզահամերգային համալիրում գրկախառնությամբ հրաժեշտ տվեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ուղևորվեց «Զվարթնոց» օդանավակայան։
Գագաթնաժողովի եզրափակիչ ասուլիսին Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը գոհունակությամբ խոսեց այս հավաքի արդյունքներից։
«Ուրախ եմ հատկապես մտքերի փոխանակման որակի և կառուցողական երկխոսության համար, որ մենք ունեցանք Հայաստանի կողմից առաջարկված «Ապրել միասին» թեմայի շուրջ։ Ընդունելով Երևանյան հռչակագիրը և «Ապրել միասին»-ի համար ֆրանկոֆոն կոչը` մենք մշակեցինք մի ճանապարհային քարտեզ, որը սահմանում է այն նպատակները, որ մենք որդեգրել ենք՝ մեր հասարակությունների առջև ծառացած հիմնական մարտահրավերներին պատասխանելու համար», - այսօր Մնացականյանը՝ նշելով, որ այդ ճանապարհային քարտեզը կուղղորդի կազմակերպության առաջիկա տարիների գործունեությունը. - «Ճանապարհային քարտեզը վերահաստատում է Ֆրանկոֆոնիայի հիմնարար արժեքների հենքը և կայուն հանձնառությունը՝ հանուն խաղաղության, ժողովրդավարության, մարդու իրավունքների, կանանց և տղամարդկանց միջև իրավահավասարության, նրա նվիրվածությունը կրթությանը և լեզվամշակութային բազմազանությանը»։
Նշենք, որ գագաթնաժողովի շրջանակներում Հայաստան էին ժամանել մոտ չորս տասնյակ երկրների ղեկավարներ։ Ընդհանուր առմամբ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանն անդամակցում է մոտ 90 պետություն և գրեթե բոլորն էլ բարձրաստիճան պատվիրակություններով ներկայացված էին երևանյան այս հավաքին։
«Պետք է արձանագրել, որ գագաթնաժողովի արդյունքները մեր երկրի համար դրական են, և միանշանակ կարող ենք ասել, որ այս իրադարձության արդյունքում, որն անկախությունից ի վեր ամենախոշոր իրադարձությունն էր մեր երկրում, միանշանակ ծառայեց մեր երկրի միջազգային հեղինակության բարձրացմանը, ինչպես նաև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ամրապնդմանն ու հեղինակության բարձրացմանը։ Գագաթնաժողովն անցավ շատ բարձր մակարդակով», - գագաթնաժողովի փակումից հետո ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ շնորհակալություն հայտնելով բոլոր նրանց, ովքեր ներգրաված են եղել կազմակերպչական աշխատանքներում։
Նշենք, որ շարունակվում է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի այցը։ Նրա այցը կարելի է համարել պատմական, որովհետև անկախության շրջանում առաջին անգամ է Կանադայից ղեկավար այցելում Հայաստան։
Նշենք, որ Թրյուդոն 13 տարեկանում՝ 80-ականների վերջին եղել է Հայաստանում՝ իր հոր ուղեկցությամբ։
Կանադայի վարչապետին այսօր Բաղրամյան 26-ում ընդունել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Տեղի է ունեցել դիմավորման պաշտոնական արարողություն, որից հետո ընթացել է երկու երկրների վարչապետների նեղ կազմով հանդիպումը:
Կանադայի վարչապետը վաղը կայցելի Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։