«Ընդունելով Երևանյան հռչակագիրը և «Ապրել միասին»-ի համար ֆրանկոֆոն կոչը` մենք մշակեցինք մի ճանապարհային քարտեզ, որը սահմանում է այն նպատակները, որ մենք որդեգրել ենք՝ մեր հասարակությունների առջև ծառացած հիմնական մարտահրավերներին պատասխանելու համար», - այսօր Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի եզրափակիչ ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը՝ նշելով, որ այդ ճանապարհային քարտեզը կուղղորդի կազմակերպության առաջիկա տարիների գործունեությունը։
Ըստ Մնացականյանի, ճանապարհային քարտեզը վերահաստատում է Ֆրանկոֆոնիայի հիմնարար արժեքների հենքը և կայուն հանձնառությունը՝ հանուն խաղաղության, ժողովրդավարության, մարդու իրավունքների, կանանց և տղամարդկանց միջև իրավահավասարության, նրա նվիրվածությունը կրթությանը և լեզվամշակութային բազմազանությանը։
«Այն խթանում է համերաշխության և այն փոխանակելու սկզբունքները, որոնք անհրաժեշտ են` ավելի արդար և ավելի հավասար հասարակությունների զարգացման համար։ Այն նաև հիմնվում է ֆրանսերեն լեզվի վրա, որպես շաղախ, որը միավորում է ֆրանկոֆոն ընտանիքը։ Այս բոլոր տարրերը միասին կազմում են «Ապրել միասին»-ի հիմքը Ֆրանկոֆոնիայում՝ այս ընդհանուր ժառանգության, որին մենք սերտորեն կապված ենք, և որը պետք է պահպանվի և ամրապնդվի», - ասաց Մնացականյանը։
Ըստ Հայաստանի արտգործնախարարի, որպես Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի գործող նախագահ Հայաստանն իր նախագահության ընթացքում ՖՄԿ-ի հետ համատեղ մի շարք նախաձեռնություններ կիրականացնի, բայց նաև սերտ համագործակցություն զարգացնելով միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների հետ, ինչպիսիք են ՅՈւՆԵՍԿՕ-ն, Եվրոպայի խորհուրդը՝ մշակութային բազմազանության և մարդու իրավունքների բևեռներում։
«Մենք կաշխատենք նաև Երևանում կայացած տնտեսական ֆորումի ժամանակ ստեղծված Տեխնոլոգիաների հարցերով նախարարների ցանցի հետ՝ թվային տնտեսության բնագավառում նախագծեր զարգացնելու համար», - ասաց Մնացականյանը։