The Washington Post. Թուրքիան սաուդցի լրագրողի սպանության ապացույցներ է ձեռք բերել

Արտապատկերում լրագրող Ջամալ Հաշոգիի մուտքը Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսություն պատկերող տեսանյութից, 2-ը հոկտեմբերի, 2018թ.

Թուրքիայի իշխանությունները ապացույցներ են ձեռք բերել այն մասին, որ սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Հաշոգին իսկապես սպանվել է Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանում, գրում է The Washington Post պարբերականը: Թերթի տվյալներով` թուրքական իշխանությունները այդ մասին տեղեկացրել են Միացյալ Նահանգներին:

Խոսքը հյուպատոսարանում արված ձայնագրության և տեսագրության մասին է, մասնավորապես՝ Հաշոգիի և նրան ձերբակալած մարդկանց միջև խոսակցության: Ձայնագրվել են նաև այնպիսի ձայներ, որոնցից կարելի է ենթադրել, որ լրագրողին սպանելուց առաջ կտտանքների են ենթարկել:

Սաուդյան իշխանությունների կոշտ քննադատը, ով մեկ տարի առաջ ինքնակամ աքսորի է դիմել՝ հաստատվելով ԱՄՆ մայրաքաղաքում, հոկտեմբերի 2-ին այցելել է Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարան, ինչից հետո նրան ոչ ոք այլևս չի տեսել: Միջազգային, այդ թվում թուրքական որոշ աղբյուրների տվյալներով՝ Հաշոգին սպանվել է հյուպատոսարանում, իսկ նրա դին դուրս է բերվել դիվանագիտական ներկայացուցչության տարածքից: Թուրքական աղբյուրները նաև պնդում են, որ Հաշոգիի սպանությունը կազմակերպվել է սաուդյան իշխանությունների հովանու ներքո, հանցագործությունը կատարելու համար այդ երկրից հատուկ ծառայությունների աշխատակիցների խումբ է ժամանել, որի անդամները, մի քանի ժամ մնալով Ստամբուլում, վերադարձել են հայրենիք:

Էր-Ռիյադը կտրականապես հերքում է այս մեղադրանքները՝ պնդելով, թե լրագրողը հյուպատոսարան մտնելուց քիչ անց լքել է շենքի տարածքը: Ապացույցներ, սակայն, մինչ այս պահը չեն ներկայացվել: