Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը կարևորագույն միջոցառում է Հայաստանի համար․ վերլուծաբան

Վերլուծաբան Արմեն Բաղդասարյանը հարցազրույց է տալիս «Ազատությանը», արխիվ

Երևանում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովի անցկացումը շատ կարևոր նշանակություն ունի Հայաստանի միջազգային հեղինակությունը բարձրացնելու համար: «Ազատության» հետ զրույցում այսպիսի համոզմունք հայտնեց վերլուծաբան Արմեն Բաղդասարյանը:

Նշելով, որ Հայաստանի համար կարևորագույն արտաքին քաղաքական խնդիրների լուծման, օրինակ՝ ղարաբաղյան խնդրի կարգավորման առումով գագաթնաժողովը թերևս գործնական մեծ նշանակություն չի ունենա, վերլուծաբանը շարունակեց․ - «Բայց մեզ համար դա շատ կարևոր է ինչ առումով՝ որ Հայաստանը արտաքին աշխարհի կողմից ընկալվում է, ցավոք սրտի, ավելի շատ ընկալվում է որպես ԵԱՏՄ անդամ պետություն, որպես ռուսական ազդեցության գոտու պետություն, իսկ նման կարգի միջոցառումները ցույց են տալիս, որ Հայաստանը, այնուամենայնիվ, միջազգային իրավունքի լիարժեք սուբյեկտ է, լիարժեք անկախ պետություն է, այսինքն՝ Հայաստանը չի աշխատում միայն ԵԱՏՄ-ի հետ, Հայաստանը բաց է ամբողջ աշխարհի համար: Եվ այդքանով, անուղղակիորեն, դա շատ կարևոր ազդեցություն կունենա ղարաբաղյան խնդրի կարգավորման վրա, բայց ազդեցությունը կլինի անուղղակի, որովհետև, ամեն դեպքում, այդ հակամարտությունը կարգավորվելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, այսինքն՝ երեք հիմնական միջնորդների աշխատանքի ոլորտում է դա»:

«Ուրեմն, սա կարևորագույն միջոցառում է Հայաստանի համար, որովհետև Հայաստանը նման բարձր մակարդակով կարողացավ այսպիսի մի միջոցառում կազմակերպել, իսկ մենք արդեն իսկ կարող ենք ասել, որ դա կազմակերպվեց շատ բարձր մակարդակով: Դա չափազանց կարևոր էր, գուցե ինչ-որ տեղ փոխհատուցում է, փոխլրացնում է այն առավելությունները, որ մեր նկատմամբ ունեն տարածաշրջանի մյուս երկրները և մասնավորապես Ադրբեջանը», - ասաց Բաղդասարյանը:

«Այսինքն, մենք ցույց ենք տալիս, որ մենք քաղաքակրթական բոլորովին այլ հարթությունում ենք, քաղաքակրթական ավելի բարձր մակարդակի վրա ենք, քան մեր արևելյան և արևմտյան հարևանները, և այդ իմաստով, ևս մեկ անգամ աշխարհի ուշադրությունը բևեռում ենք Հայաստանի վրա», - ընդգծեց վերլուծաբանը:

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովը Երևանում մեկնարկեց երեկ: Գագաթնաժողովի թեման է «Ապրել միասին՝ հարգելով համերաշխությունը, մարդասիրական արժեքներն ու բազմազանությունը՝ իբրև խաղաղության և բարօրության հիմք ֆրանկոֆոն տարածաշրջանում»:

Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին մասնակցելու համար Հայաստան է ժամանել 84 երկրի պատվիրակություն: Գագաթնաժողովին մասնակցում է 38 երկրի ղեկավար: