Երևանում այսօր աշխատանքները կավարտի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովը:
Նախօրեին՝ գագաթնաժողովի առաջին օրը, երեկոյան Հանրապետության հրապարակում կայացած գալա համերգից հետո Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից ճաշ է մատուցվել մայրաքաղաքի ռեստորաններից մեկում: Արդեն սոցիալական ցանցերում տարածվել են տեսանյութեր, թե ինչպես են հայկական երաժշտության ներքո պարում Նիկոլ Փաշինյանը, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն, Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը և այլ երկրների ղեկավարներ: Ինքը Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում պարբերաբար տեղադրում էր լուսանկարներ Թրյուդոյի, Մակրոնի, այլ երկրների ղեկավարների հետ:
Երեկոյան այդ ճաշից հետո «Ազատությանը» հաջողվեց մի փոքր զրուցել Էմանյուել Մակրոնի հետ: Նա քաղաքական հարցերի չէր պատասխանում: «Ազատության» հարցին՝ ինչպիսի՞ ապագա է տեսնում Հայաստանի համար, Ֆրանսիայի նախագահը պատասխանեց, որ հրաշալի, շատ երջանիկ է լինել այստեղ: Հստակեցնող հարցին, թե հատկապես հեղափոխությունից հետո ի՞նչ ապագա է տեսնում Հայաստանի համար, Մակրոնն արձագանքեց, որ շատ լավ է կազմակերպված Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը, ըստ էության չցանկանալով պատասխանել այդ հարցին:
Այսօր գագաթնաժողովի փակման պաշտոնական արարողությունից հետո տեղի կունենա մամուլի ասուլիս, և ակնկալվում է, որ առնվազն Մակրոնն ու Թրյուդոն այդ ասուլիսին հանդես կգան:
Ֆրանսիայի նախագահը հենց այսօր մեկնելու է Հայաստանից, սակայն Կանադայի վարչապետի այցը դեռ կշարունակվի: Նա լինելու է Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, նախատեսված է առանձնազրույց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, հանդիպումներ նախագահ Արմեն Սարգսյանի, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի հետ: