«Չի վաճառվում»՝ պաստառ Ակրոպոլիսի մոտ

Հունաստան, Աթենք - Զբոսաշրջիկները Ակրոպոլիսի մոտ, արխիվ

Հունաստանի ու անտիկ շրջանի թերևս ամենահայտնի տաճարը՝ Աթենքում գտնվող Ակրոպոլիսը հոկտեմբերի 11-ին փակ էր այցելությունների համար: Զբոսաշրջիկները տաճարը լուսանկարում էին հեռվից:

Մշակույթի նախարարության աշխատակիցները մեկօրյա գործադուլ են հայտարարել: Նրանք մտահոգված են, որ Հունաստանի ազգային արժեքը կարող է սեփականաշնորհվել:

Գործադուլավորները կառավարությանը մեղադրում են Ակրոպոլիսը սեփականաշնորհման հիմնադրամից չհանելու մեջ, որը ֆինանսական ճգնաժամի ժամանակ ստեղծվել էր Հունաստանին վարկավորող երկրներին ու ֆինանսական միջազգային կառույցներին արտաքին պետական պարտքը նաև սեփականաշնորհման միջոցով մարելու համար: Ֆինանսների ու մշակույթի նախարարությունները հայտարարել են, որ այդ մտահոգություններն անհիմն են, հավաստիացնելով որ պատմամշակութային հուշարձաններն այդ հիմնադրամին չեն հանձնվում:

Ակրոպոլիսի մոտ պաստառ է ամրացված, որի վրա գրված է. «Չի վաճառվում»: