Ալավերդու պղնձաձուլական գործարանը վերջնագիր է ներկայացնում կառավարությանը

Ալավերդու պղնձաձուլական գործարանի արտադրական գծով տնօրեն Նիկոլայ Ֆեոֆանով

Այսօր Ալավերդու պղնձաձուլական գործարանից վերջնագիր փոխանցեցին կառավարությանը. իրենց երեք պահանջները չբավարարելու դեպքում մի քանի օրից կդադարեցնեն աշխատանքը, ավելի քան 500 աշխատողները գործազուրկ կդառնան։

Կառավարությունից պահանջում են թույլ տալ մինչև 6 անգամ գերազանցել արտանետումների՝ դեռևս 2005 թվականին կառավարության որոշմամբ սահմանված նորմերն ու դրա դիմաց տուգանքներ չկիրառել։

Այսօր գործարանում կազմակերպված քննարկմանը, որին մասնակցում էր նաև Լոռու փոխմարզպետ Արամ Խաչատրյանը, գործարանի ղեկավարները զգուշացրին, որ երեք օրվա հումքի պաշար ունեն, և կառավարությունից իրենց ձեռնտու պատասխան չստանալու դեպքում վառարանները կանջատեն։

Գործարանի արտադրական գծով տնօրեն Նիկոլայ Ֆեոֆանովն ասաց․ - «Եթե պետությունը կորոշի, որ էս գործարանը պետք է աշխատի, ուրեմն կաշխատի, եթե կորոշի, որ չի աշխատի, ուրեմն չի աշխատի»:

Ռուսաստանյան ՎՏԲ բանկում մոտ 500 միլիոն դոլարի վարկի դիմաց գրավադրված գործարանի տնօրինությունը դեռ տասն օր առաջ տեղի ունեցած հանրային քննարկման ժամանակ պնդում էր, թե գործարանը ճգնաժամի մեջ է հայտնվել կառավարության կողմից մոտ 800 հազար դոլարի չափով տուգանվելուց հետո։ Մինչդեռ արդեն հայտնի է, որ վարկային պարտավորությունները չկատարելու համար ՎՏԲ բանկին է անցել «Վալլեքս» խմբի ընկերություններին պատկանող Թեղուտի հանքավայրը, և «Ազատությանը» տված հարցազրույցում ընկերության փոխնախագահ Սահակ Կարապետյանը չէր բացառել, որ Ալավերդու գործարանը ևս կարող է անցնել ՎՏԲ-ին․ - «Ալավերդու գործարանը և Ալավերդու գործարանի ակտիվները գրավադրված են ՎՏԲ բանկում Թեղուտի հետ կապված: Բայց հիմա գնում ա գործընթաց բանկի հետ, և տեսնենք, թե ապագան ինչպես կգնա»:

Այսօր կառավարությանը փոխանցված պահանջների շարքում նաև բանկի հարցն էր․ պահանջում են, որ ՎՏԲ-ի հետ կնքված վարկային պայմանագրի երրորդ կողմ հանդիսացող կառավարությունը «արգելափակի բանկի ոտնձգությունները «Էյ-Սի-Փի» ընկերության և «Վալլեքս» խմբի այլ ձեռնարկությունների առգրավման ուղղությամբ»։

Գործարանի արհմիության ղեկավարի կողմից ստորագրված երեք կետից բաղկացած պահանջագիրը փոխանցվեց Լոռու փոխմարզպետին, ով ասաց, թե երկուշաբթի կառավարությունում հարցը կքննարկվի փոխվարչապետի մակարդակով․ - «Սպասենք մինչև երկուշաբթի, թող բանակցությունները տեղի ունենան․․․ Դրանից հետո արդեն դուք կորոշեք ձեր հետագա անելիքները»:

Երեկ գործարանի աշխատողները բողոքի ցույց են անցկացրել, որին մասնակցել է նաև տնօրեն Լուսինե Մեջլումյանը։ Ցուցարարները մի քանի ժամով անգամ միջպետական մայրուղին ու երկաթգիծն էին փակել։

Այսօր գործարանի տնօրենը հորդորեց աշխատողներին սպասել մինչև երկուշաբթի․ - «Սպասենք, տեսնենք ինչ պատասխան է տրվում, նոր դրանից հետո, հարգելի կոլեկտիվ, դուք կհավաքվեք և կորոշեք ձեր անելիքները»:

Նշենք, որ «Վալլեքս» խմբին պատկանող «Էյ-Սի-Փի» ընկերությունը Ալավերդիում պղնձաձուլական գործարան է շահագործում արդեն 20 տարի։ Դեռ գործունեության առաջին տարիներից խոստացել է, որ արտանետումները նվազեցելու է, աշխատատեղերը կրկնապատկելու է և քաղաքը զարգացման բարձր մակարդակների է հասցնելու։

Մինչդեռ տարեկան 50 հազար տոննա պղնձի խտանյութ վերամշակող գործարանի ղեկավարությունը բոլոր տարիներին միաժամանակ հայտարարել է, որ այս արտադրությունը իրենց համար շահավետ չէ, և որ Ալավերդիում այս արտադրությունը պարզապես «սոցիալական ծրագիր է»։

Հոկտեմբերի 1-ին Ալավերդիում տեղի ունեցած հանրային քննարկման ժամանակ Բնապահպանական տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանը հայտարարել էր, որ 2012-17 թվականների համար «Էյ-Սի-Փի» ընկերությունն ունեցել է արտանետումները նվազեցնելու գործողությունների ծրագիր, մինչդեռ այդ ծրագիրը, ըստ Արթուր Գրիգորյանի, եղել է «ոչ իրատեսական և իմիտացիոն»․ - «Արտանետումները չեն նվազել․ ինչպես որ 33 հազար մոտավորապես կային, այնքան էլ մնացել են»:

Ընկերության ղեկավարությունը հերթական խոստումն է տալիս գործազուրկ մնալու վտանգի առջև հայտնված աշխատակիցներին, թե չինական ընկերության հետ ավելի քան 500 միլիոն դոլարի ներդրումների հաշվին աշխարհի ամենաարդիական տեխնոլոգիաներով գործարան են հիմնելու։

Այսօր կառավարությանը հասցեագրված գրության մեջ նաև պահանջել են օրենսդրական նախաձեռնությամբ աջակցել նոր պղնձաձուլարանի կառուցման հայ-չինական ներդրումային ծրագրին։

Այս տարեսկզբին «Վալլեքս» խմբին պատկանող Թեղուտի հանքավայրում մոտ 600 մարդ գործազուրկ դարձավ։ Հանքավայրը, որ գրավադրված էր ՎՏԲ բանկում արդեն պատկանում է ռուսաստանյան այս բանկին։