Փաշինյանը հստակեցրել է իր հրաժարականի ժամկետը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը France24-ի հետ զրույցում հստակեցրել է հրաժարականի ժամկետները՝ մինչև հոկտեմբերի 16-ը:

Արտահերթ խորհրդարանական ընտրությունները նախնական հաշվարկներով, ըստ Փաշինյանի, կանցկացվեն դեկտեմբերի սկզբին․ - «Ընտրությունները, նախնական կարող եմ ասել, որ մոտավորապես դեկտեմբերի 9-ին, 10-ին, այդ հատվածում, պլյուս-մինուս մի քանի օր, այդ հատվածում տեղի կունենան: Եվ սրա համար, ըստ էության, ես պետք է հրաժարական տամ մինչև հոկտեմբերի 16-ն ընկած ժամանակահատված»:

Արտահերթը դեկտեմբերին անցկացնելուն կողմ են խորհրդարանի չորս խմբակցություններից երկուսը՝ «Ելք»-ն ու «Ծառուկյան»-ը։ Իրենց համախոհությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու խորհրդարանի մեծությամբ երկրորդ՝ «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը մի քանի օր առաջ նաև ստորագրած հուշագրով ամրագրեցին։

Ընդդիմանում են Հանրապետականն ու Դաշնակցությունը: Չնայած խմբակցության պաշտոնական տեսակետին, ՀՀԿ մի շարք պատգամավորներ հայտարարություն ստորագրեցին, որ պաշտպանում են դեկտեմբերին Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ անցկացնելու՝ վարչապետ Փաշինյանի դիրքորոշումը:

«Նույնիսկ դեկտեմբերին ընտրություններ անցկացմանը ընդդիմացող ուժերի ներսում չկա համաձայնություն», - նկատեց Նիկոլ Փաշինյանի առաջնորդած «Քաղաքացիական պայմանագրի» անդամ, պատգամավոր Ալեն Սիմոնյանը: Համառելը, ըստ նրա, կվնասի միմիայն այդ քաղաքական ուժին․ - «Կարծում եմ, որ քաղաքական ուժերը պետք է հետևություն անեն վերջին իրենց գործողություններից, որը բերեց այն բանին, որ ժողովուրդը մտավ Ազգային ժողովի տարածք և իր ձայնը հնչեցրեց և դրանով իսկ մեկ անգամ ևս փաստեց, որ ընտրություններն անխուսափելի են, և այդ ընտրությունները պետք է տեղի ունենան հնարավորինս արագ: Ով այդ իրավիճակի հետ հաշվի կնստի, կարծում եմ, նրա քաղաքական ճանապարհը, այնուամենայնիվ, շարունակություն կունենա: Եվ քաղաքական ուժերը, որոնք հաշվի չեն նստի, կարծում եմ, կանցնեն պատմության գիրկը առնվազն 5-10 տարով»:

Հանրապետականում այլևս ընդունում են, որ դեկտեմբերյան ընտրություններին այլընտրանք չկա։

ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասաց․ - «Քանի որ մենք այլևս չունենք պառլամենտում մեծամասնություն, պարզ է դառնում, որ մեր կարծիքը վճռորոշ չի լինում: Եվ արդեն ամեն ինչ շատ հստակ է, որ մենք գնում ենք դեպի դեկտեմբերյան ընտրություն»:

Հարցին, թե հնարավոր է վերանայեն իրենց նախնական կարծիքը, որ անհնար է ընտրությունն անցկացնել դեկտեմբերին, Շարմազանովն արձագանքեց․ - «Չեմ կարծում, որ կամ վերանայելու կարիք կա, կամ էլ մեր որոշումը ազդելու ա գործընթացների վրա՚ Խնդիրը հենց էնպես ժամկետներին համամիտ կամ դեմ լինելը չէ: Խնդիրը նա է, որ կար ճանապարհային քարտեզ, որը ներառված են Փաշինյանի կառավարության ծրագրում, որը, մեր կարծիքով, պետք է իրականացվեր: Բայց քաղաքականությունն ինքը բազմակարծություն է, և, ինչպես ասում էին դեռևս 19-րդ դարի Ռուսաստանում, հաղթողներին չեն դատում: Իրանք էս պարտիայում հաղթել են, իրանք ունեն այլևս մեծամասնություն և պատգամավորների մեծամասնությունը դեմ չեն ընտրություններին և ավելին՝ եթե նույնիսկ դեմ էլ են, ինչպես մեր ֆրակցիան, չենք պատրաստվում թեկնածու առաջադրել: Հետևաբար մենք պետք է գիտակցենք, որ հանրապետությունը գնում է դեպի դեկտեմբերյան արտահերթ, կամ ավելի ճիշտ՝ հրատապ ընտրություններ»:

Ընտրություններին մասնակցել-չմասնակցելու հարցը Հանրապետականն, ըստ Շարմազանովի, դեռ կքննարկի։ Դժվարացավ ասել, թե ինչ որոշում կկայացնեն, բայց կուսակցության մամուլի խոսնակի կարծիքով, արտահերթին մասնակցելը ճիշտ է․ - «Չեմ կարծում, որ սա միակ կարծիքն է, որ կա Հանրապետականում: Կարող է լինել տրամագծորեն այլ կարծիք: Կքննարկենք, որոշումը կկայացնենք»:

Ըստ Փաշինյանի, արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացման սցենարը մեկն է՝ ինքը հրաժարական է տալիս, խորհրդարանը երկու անգամ վարչապետ չի ընտրում, ինչից հետո Ազգայի ժողովն արձակվում է իրավունքի ուժով, և անցկացվում են նոր ընտրություններ:

Հանրապետական և «Ծառուկյան» խմբակցությունը հայտարարել են, որ վարչապետի թեկնածուն չեն առաջադրելու: Գագիկ Ծառուկյանի ղեկավարած խմբակցությունը նաև հուշագրով պարտավորվել է չաջակցել վարչապետի որևէ այլ թեկնածուի:

Սահմանադրությամբ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունն անցկացվում է խորհրդարանի արձակվելուց ոչ շուտ, քան երեսուն, և ոչ ուշ, քան քառասունհինգ օր հետո: Մինչև նոր կառավարության կազմավորումը, մայր օրենքի համաձայն, թե՛ վարչապետը, թե՛ նախարարները շարունակելու են իրենց պարտականությունների կատարումը: